Լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի հուշերը Լուսինե Զաքարյանի մասին

am
lezvaban-rafayel-isxanyani-housere-lousine-zaqaryani-masin

Լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի հուշերը Լուսինե Զաքարյանի մասին:

«Տարիներ առաջ էր: Էջմիածնի Մայր տաճարում կիրակի օրով պատարագ էի լսում: Երգչախումբն այդ օրը անսովոր գեղեցիկ էր երգում: Եվ զգացվում էր, խմբի ձայների մեջ իշխում է մեկը՝ բոլորից երաժշտական և ուժգին: Հետո  նոյն ձայնը մեներգեց, և քիչ անց՝ ահա «Սուրբ-սուրբը»: Հրաշք էր: Մարդկային ձայնի մեջ այդքան զգացմունք, այդքան մեղեդիականութիուն, նաև մեղեդու այդքան ճշգրտութիուն: Երբևէ չէի լսել նման բան:

Հետաքրքրվեցի՝ ո՞վ է այդ հրաշագործը:

- Լուսինե Զաքարյան:

Չէի լսել, չէի ճանաչում:

Ծանոթացա  մի երկու տարի հետո: Ամուսինը՝ Խորեն Պալյանը, համալսարանի հայոց լեզվի ամբիոնի անդամներիս երբեմն առաջնորդում էր քաղաքից դուրս՝ մի քանի ժամ հանգիստ առնելու: Սովորաբար այդ քաղաքից դուրսը լինում էր որևէ վանքի մոտակայքում: Եվ ահա մի անգամ Խորենի հետ եկել էր նաև Լուսինեն: Ծանոթացանք: Դրանից առաջ երկու թե երեք անգամ էլ էի լսել նրան: Ու միշտ հմայվել, ապշել նրա անզուգական շնորհքով: Այդպիսի անօրինակ երգչուհին՝ մեզ հետ, անգույն ու անհամ լեզվաբաններիս մեջ: Աչքերիս չէի հավատում: Երբ մի փոքր զրուցեցի, ավելի զարմացա: Լուսինեն իրեն պահում էր որպես հասարակից հասարակ մեկը: Նույնիսկ ստորադասում էր իրեն մեզնից: Մտքովս անցավ՝ երևի ինքն էլ չի գիտակցում, թե որքան մեծ երգչուհի է:

Ապա տաճարում Խորենի հետ երգեցին: «Մի՞թե այս երգչուհի- հրաշքը այն նույն անձնավորությունն է, որի հետ հենց նոր զրուցում էի»,-մտածեցի ես: Սովորական մարդու մեջ այդպես թաքնվւած է լինում հանճարը: Եվ առավել գեղեցիկ է այն, որ այդ մարդը իրեն չի վերագրում իր ունեցած բացառիկ շնորհը, բնավ չի հպարտանում դրանով:

Լուսինեի հետ խոսել եմ այդ մասին: Նա խոր համոզում ուներ, որ ինքը Աստծուց պարգև է ստացել իր ձայնն ու երաժշտությունը, ուրեմն և պարծենալու որևէ պատճառ չունի: Այլ փառք պետք է տա շնորհը տվողին:

Հետո շատ անգամ լսեցի Լուսինեին: Եվ ամեն անգամ կարոտով էի բաժանվում նրա երգից: Հայ ազգի ստացած մեծ պարգևն էր նա»:

 

(Նկարում՝ Սեդա Ալաջաջյան, Հենրիկ Մալյան, Լուսինե Զաքարյան, Ստեփան Ալաջաջյան, Մելանյա Աբովյան, Խորեն Պալյան: Էջմիածին 1982 թ.)

Լրահոս

Նմանատիպ նորություններ