Լուկաշենկոյի հույսը Ադրբեջա՞նն է

loukasenkoyi-houyse-adrbejann-e

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել Ռուսաստանի հանդեպ չափազանց կոշտ հայտարարությամբ, որի իմաստն այն է, որ եթե Մոսկվայի կողմից տնտեսական արտոնոություններ չլինեն, ապա նա կկորցնի արեւմտյան ուղղության վերջին դաշնակցին:

Լուկաշենկոյի խոսքում ենթատեքստային ակնարկներ կային Ուկրաինայի եւ մերձբալթյան հանրապետությունների հետ առեւտրատնտեսական կապերի խորացման իմաստով: Փաստացի նա փորձում էր տպավորություն ստեղծել, որ Բելառուսն այնքան էլ կախված չէ Ռուսաստանից, ինչպես որ դա պատկերացնում են Մոսկվայում, այլ ունի ազատ ընտրության բավական լայն հնարավորություններ: Լուկաշենկոյի հայտարարության առանցքային գաղափարն այն էր, որ կառավարությանը հանձնարարված է որոնել եւ գտնել նավթի ներմուծման այլընտրանքային ուղիներ:

Նա նույնիսկ նշել էր, որ նավթը կարող է ներմուծվել մերձբալթյան նավահանգիստներով: Լուկաշենկոն մերձբալթյան երկրներին բաց տեքստով առաջարկել է ստեղծել նավթի ներմուծման, վերամշակման եւ պատրաստի արտադրանքի իրացման համատեղ տարածաշրջանային շուկա: Այս հայտարարություններն, իհարկե, առայժմ զուտ քաղաքական են: Բելառուսի նախագահը, հավանաբար, հույս ունի, որ նման դեմարշներով կարող է ազդել Ռուսաստանի վրա եւ պահպանել այն տնտեսական արտոնությունները, որոնց վրա, ըստ փորձագետների մեծամասնության, առհասարակ հենվում է Բելառուսի տնտեսությունը:

Բայց Լուկաշենկոն պետք է որ ունենա նաեւ պահեստային տարբերակ այն իրավիճակի դեպքում, եթե Ռուսաստանն այնուամենայնիվ մնա իր դիրքորոշմանը մինչեւ վերջ հավատարիմ: Նման իրավիճակում նավթի ներկրման այլընտրանքային աղբյուր Բելառուսն, ամենայն հավանականությամբ, կդիտարկի Ադրբեջանը: Հայտնի չէ՝ այդ թեմայով բելառուսա-ադրբեջանական բանակցություններ ընթանու՞մ են, բայց հաշվի առնելով երկու երկրների միջեւ հարաբերություններիհռչակագրված մակարդակը, տրամաբանական է թվում, որ Լուկաշենկոյի հույսը կարող է լինել Ադրբեջանի հետ համաձայնության գալու հեռանկարը:

Բոլորովին այլ խնդիր է, թե ինչ երթուղով եւ գներով կարող է ադրբեջանական նավթը հայտնվել բելառուսական շուկայում, որպեսզի տեղի վերամշակող ենթակառուցվածքները պարապուրդի չմատնվեն: Հարցն ավելի շատ պետք է դիտարկել քաղաքական հարթությունում. եթե Ռուսաստանը Բելառուսի նկատմամբ տնտեսական կոշտ քաղաքականություն որդեգրի, Ադրբեջանը պատրաստ կլինի՞ օգնության ձեռք մեկնել Լուկաշենկոյին: Ռուսական աղբյուրներում տեսակետ է շրջանառվել, որ ռուս-բելառուսական հարաբերությունների փորձաքարը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է:

Որոշ մեկնաբանություններում նույնիսկ ակնարկներ կան, որ Պուտինը մտադիր է Բելառուսը միավորելու ճանապարհով երկարաձգել իր իշխանությունը: Բելառուսի նախագահը նման տեսակետները որակել է «հիմարություն»: Բայց դա ավելի շատ հակառակ տպավորությունն է թողնում: Այս իմաստով չափազանց կասկածելի է, որ Ադրբեջանը կխառնվի ռուս-բելառուսական վեճին: Ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում Կիեւ-Բաքու երկխոսության փաստացի սառեցումը, որի նախաձեռնողն Ադրբեջանն է, վկայում է, որ պաշտոնական Բաքուն երբեք որեւէ արմատական քայլ չի անի, եթե դա հակասում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին: Եւ եթե Բելառուսի նախագահը հույս ունի, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման միջոցով կարող է հակակշռել Ռուսաստանի քաղաքական ճնշումը, ապա նա, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ է: Կարելի է վստահաբար ասել, որ վճռական պահին Ադրբեջանը Լուկաշենկոյին կթողնի Պուտինի դեմ միայնակ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ