Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

«Լուսե տանիք»-ը մեկնարկեց Մարտունի քաղաքում

am en
louse-taniq-e-meknarkec-martouni-qaxaqoum

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «ՔՀ Կամուրջ» ծրագիրը և «Արտիսիմո» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանրությանը ներկայացրեցին «Լուսե տանիք» նախագիծը: «Լուսե տանիք»-ը Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման և արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ իր ենթակառուցվածքներով, այդ թվում համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներ՝ հասանելի տարբեր կարողություններով անձանց և գրավիչ զբոսաշրջիկների համար: Նախագիծը հետևելու է հնի պահպանման և նորի ստեղծման սկզբունքին և նպատակ ունի բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը:

Մարտունու համայնքապետարանի գործակցության և Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շնորհիվ «Լուսե տանիք»-ը կնպաստի տեղի բնակչության հատկապես խոցելի մասի և կանանց զբաղվածության հարցի լուծմանը:

««Լուսե տանիք»-ը Մարտունու և տարածաշրջանի բնակչության մշակութային գիտակցության բարձրացումից զատ լուծելու է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հասարակությունում ինտեգրվելու արդի խնդիրը։ Միաժամանակ, նախագիծը կստեղծի համագործակցության նոր եզրեր՝ պետական, մասնավոր սեկտորների և հասարակական կազմակերպությունների», - նշեց Էկա Հորստկան, «Արտիսիմո» հասարակական կազմակերպության հիմնադիրը:

«Մարտունի համայնքի հանրային գրադարանի վերականգնումը կարևորագույն դեր կունենա համայնքում գեղարվեստական արժեքների պահպանման և մշակութային կյանքի զարգացման հարցում», - ասաց Մարտւնի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, հավելելով, որ «Լուսե տանիք» ծրագրի շնորհիվ համայնքը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հանրային գրադարան, որ տեղեկատվական, մշակութային, կրթական և գիտական գործառույթներ կծավալի:

Նախագծի իրականացման մեջ իր անհատույց նվիրումի շնորհիվ դիրիժոր-երաժշտագետ, մշակույթի գործիչ Նվարդ Անդրեասյանը հայտարարվեց «Արտիսիմո» ՀԿ-ի բարի կամքի դեսպան, ով հանձն առավ իր մասնագիտական խորհուրդներով շարունակել աջակցել կազմակերպությանը:

««ՔՀ Կամուրջ» ծրագրի առաջնային թիրախը ՀՀ մարզերի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացումն է` հնարավորություն տալով վերջիններիս իրականացնել նպատակային ծրագրեր: Հատկանշական է սփյուռքի ներուժի օգտագործման բաղադրիչը, որը ջանում ենք դարձնել կայուն և շարունակական՝ կարևորելով այն որպես արժեքավոր ռեսուրս Հայաստանի համար», - նշեց ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը, ավելացնելով, որ մշակութային և կրթական կյանքի աշխուժացումն ու զարգացումը այսօրվա հրամայականն է և համայնքների ներդաշնակ զարգացման գրավականը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ