Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Լույս՝ թունելի վերջում, թե…

louys-touneli-verjoum--te

Վերջին օրերին դարձյալ կտրուկ շրջադարձներ տեղի ունեցան հայաստանյան քաղաքական կյանքում: Իրար հետևից հաջորդեցին երկու ուժային կառույցների ղեկավարների՝ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հրաժարականները:

 Ասել, որ այս իրադարձությունները շատ անսպասելի էին, ճիշտ չի լինի՝ վերլուծաբաններից ոմանք, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան, մոտավորապես նման բան կանխատեսել էին դեռ ամիսներ առաջ: Մյուս կողմից, միանգամից երկու այսպիսի տրամաչափի գործիչների պաշտոնից հեռացվելը (եկեք անկեղծ լինենք, այսպիսի ձևակերպումն ավելի ճշմարտանման է, առավել ևս, որ վարչապետն էլ օգտագործեց այս եզրույթը), չի կարող մտահոգիչ չլինել: Չէ՞ որ խոսքը ոչ թե շարքային նախարարների, այլ երկրի անվտանգությունն ապահովող կառույցների ղեկավարների մասին է:

Ավելին, և՛ Վանեցյանը, և՛ Օսիպյանը գրեթե անթաքույց իրենց հրաժարականները պայմանավորեցին սպայի պատվին հավատարիմ մնալու ձգտումով: Այ սա արդեն ոչ թե պարզապես մտահոգիչ է, այլ ծայրաստիճան վտանգավոր ակնարկ է պարունակում և առաջացնում հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մենք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներս, որոնք սթափություն պահպանեցին այս մեկ և կես տարվա ընթացքում, թացին՝ թաց, իսկ չորին չոր ասելով, միաժամանակ չխառնվելով քաղաքական գործընթացներին, իրավունք ունենք ստանալ այդ հարցերի պատասխանները: Որոնք, ամենայն հավանականությամբ, չեն հնչի:

Բայց տրամաբանելու պարզ ունակությունը հնարավորություն է տալիս որոշ դատողություններ անել: Այսպես, եթե հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ապա միակ եզրակացությունը, որին կարելի է հանգել, այն է, որ այդ ուժային կառույցների ղեկավարների աշխատանքը, մեղմ ասած, թերի էր: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք վատ են կատարել իրենց պարտականությունները, հիմա՝ վատ են պաշտպանել իմ պետության անվտանգությունն ու անդորրը: Այդ պարագայում նրանք առնվազն պետք է զրկվեն ուսադիրներից և ենթարկվեն ծառայողական քննության:

Իսկ եթե փորձենք հասկանալ Վանեցյանի և Օսիպյանի՞ դրդապատճառները՝ կրկին վերհիշելով սպայի պատվի մասին արված արտահայտությունները: Երկու բարձրաստիճան սպաներն էլ ակնարկեցին. առաջիկայում հնարավոր է բացեն իրենց հրաժարականների փակագծերը, ինչին ես, կրկնում եմ, հակված չեմ հավատալ: Չի լինում այդպիսի բան ոչ մի երկրում:

Իհարկե, շրջանառվում են նաև այլ բազմաթիվ վարկածներ, որոնց մի մասը նաև ֆանտաստիկայի ոլորտից է: Սակայն այսօր դա չէ կարևորը: Անկախ պատճառներից, ինչպիսիք էլ որ դրանք լինեն, պետության համար խիստ վտանգավոր գործընթացներ են ընթանում: Ցավոք, մեր հասարակության մեծ մասը այդ վտանգները չի տեսնում, մի հատված էլ կա, որ հասկանալով դրանք, սեփական խաղն է խաղում՝ ավելի խորացնելով իրավիճակը:

Իսկ պետության ապագայի համար խորապես անհանգստացած ու սեփական շահերը չհետապնդող հատվածի մոտ ավելի ու ավելի է խորանում այն տպավորությունը, որ մենք շռնդալից արագությամբ սլանում ենք թունելով՝ չիմանալով, թե ինչ է մեզ սպասում նրանից դուրս: Աստված տա, որ, դա լինի լույսը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ