ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Փաշինյան

am
lx-hakamartoutyan-cankacac-loucoum-petq-e-endouneli-lini-hayastani--lernayin-xarabaxi-e-adrbejani-joxovourdneri-hamar-pasinyan

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված.

Տիկնայք եւ պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն:

Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին։

Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում:

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի:

Տիկնայք եւ պարոնայք,

կարևոր եմ համարում բացատրել, թե ինչու եմ ես անդրադառնում այս թեմային: Կարող է թվալ, թե ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր և հետևողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշիռ մոտեցման:

Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար:

Տիկնայք եւ պարոնայք,

մի քանի օր առաջ մենք նշեցինք Հայաստանի Անկախության օրը: 28 տարի առաջ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ` վերականգնելով իր տեղը և դերը համաշխարհային ասպարեզում:

Մենք միջազգային համագործակցության շահառուն ենք և միաժամանակ հանդիսանում ենք անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների օրակարգի ներդրող: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս արդյունավետ բազմակողմանիությանը: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում` խթանելու գլոբալ անվտանգությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածումը, միջուկային անվտանգությունը և խաղաղապահ գործողությունները:

Հայաստանը մասնակցում է Մալիում, Լիբանանում, Կոսովոյում և Աֆղանստանում գործող խաղաղապահ գործողություններին և կատարում է բուժօգնություն և ականազերծման գործողություններ իրականացնող մարդասիրական առաքելություն:

Արդյունավետ բազմակողմանիության օգուտներն արտացոլված են Կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով իրականացվող գլոբալ ջանքերում: Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը փոխլրացվում է մինչեւ 2050 թվականը նախատեսված հավակնոտ վերափոխման ռազմավարության մեկնարկով, որը ներառում է 16 մեգա-նպատակներ:

Կրթության, նորարարության և սմարթ զարգացման առաջնահերթությունները, ներառական և մասնակցային քաղաքական և տնտեսական միջավայրը շեշտում են զարգացման և մարդու իրավունքների միջև փոխկապակցվածությունները: Կանանց և երիտասարդության դերը հետագա առաջ մղելը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք կշարունակենք կենտրոնանալ այս բոլոր հարցերի վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային օրակարգում:

Ես կցանկանայի նաև կարեւորել տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը: Հայաստանն արդեն զգում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը` արձանագրելով 1.3 աստիճան ջերմաստիճանի միջին բարձրացում: Այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու նպատակով մենք աշխատանքներ ենք տանում կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմի մշակման ուղղությամբ, որը մաս է կազմում Գլխավոր քարտուղարի հովանու ներքո կայացած Կլիմայի գործողությունների գագաթաժողովին Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:

Կայուն զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառական գործընթաց լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից: Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից: Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու և ներառական հասարակություն կառուցելու համար:

Որպես ժողովրդավարական երկիր և միջազգային հանրության հուսալի և կանխատեսելի անդամ՝ Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ միջազգային համագործակցության մեջ` գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, կայուն զարգացմանը նպաստելու և մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու համար:
Մենք հանձնառու ենք շարունակել կառուցողական երկխոսությանը միջազգային բոլոր գործընկերների հետ` դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները և առաջընթաց և բարգավաճում ապահովելու մեր ժողովուրդների համար:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին և առճակատման քաղաքականությանը: Մենք դեմ ենք փակ սահմաններին, որոնք 21-րդ դարում համարվում են անհեթեթություն, բայց դեռ առկա են մեր տարածաշրջանում:

Որպես մի ազգ, որն անցել է ցեղասպանության սարսափի միջով, մենք հանդես ենք գալիս մեր անկայուն տարածաշրջանում փոխըմբռնման և խաղաղության օգտին:

Ռազմական գերազանցության անիրատեսական հույսերի վրա հիմնված էսկալացիայի և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ապագա չունի:

Մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ եւ խաղաղ՝ բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու և լուսավոր ապագա կառուցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ