Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԼՂ հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը. Զոհրաբ Մնացականյան

am es
lx-hakamartoutyan-depqoum-petq-e-apahovvi-mardou-iravounqneri-pastpanoutyoune-zohrab-mnacakanyan

ՀՀ ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ պարոն Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ՖՄԿ 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին, որը ներկայացնում ենք ստորև.

«Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար, 

Տիկին Գլխավոր քարտուղար,  

Գերազանցություններ, հարգելի գործընկերներ, 

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախևառաջ ցանկաում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարարին, ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: 

Երևանում կայացած Գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Ֆրանկոֆոնիայի այդ հիանալի հանդիպման օրերը դեռ առկա են մեր հիշողություններում:  Ինչ խոսք, բարեկամության նման պահերը գնահատելի են, սակայն մեր ստանձնած հավաքական պարտավորություններն են, որ պետք է Ֆրանկոֆոնիան դարձնեն գլխավոր դերակատար միջազգային հարաբերություններում, հուսալի մի ուժ` աշխարհի այսօրվա մարտահրավերներին պատասխանելու համար: 

Մեր կողմից այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել, իսկ մեր հասարակությունների ու միջազգային անվտանգության առջև ծառացած սպառնալիքներին մեր կողմից տրված պատասխանների արդիականությունն ավելի է ամրապնդվել: 

Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը և մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանալին:

Առանց հանուն խաղաղության, ինչպես նաև ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա, ներառյալ Սահելի տարածաշրջանի երկրները, որոնք մեծ գին են վճարում ահաբեկչությանը դիմակայելու համար: Կարևոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաև ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:

Առանց համերաշխության սկզբունքի հաստատման, աշխարհի տարբեր տարածաշրջանների բնակչության միջև անհավասարության բացն առավել ընդլայնվելու վտանգ է պարունակում, եթե, օրինակ, մենք համերաշխ մոտեցում չորդեգրենք գլոբալ տաքացման դեմ պայքարում կամ համերաշխության նույն ոգով մուտք չգործենք դեպի նոր տեխնոլոգիաների ոլորտ:  

Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոնակոյի իշխանություններին` օվկիանոսների պաշտպանության և պահպանման թեմատիկան մեր ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչը նաև կարևորում է առավելապես տուժած բնակչության բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Գիտակցելով, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա մեր օրակարգի հիմքում, Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին:  

Տիկին Գլխավոր քարտուղար, Ձեր իսկ կողմից նախաձեռնած համերաշխության սկսզբունքի շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր մեր աջակցությունն ենք հայտնում Հայիթիին:

Ի վերջո, գոյություն ունեն մարդասիրական արժեքներ, երկխոսության մշակույթ, կանանց և տղամարդկանց հավասարության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներ, որոնք էլ ձևավորում են Ֆրանկոֆոնիան, և առանց որի մենք չէինք կարողանա ապրել միասին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը: Այդ ամենն ամբողջությամբ արտացոլված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեջ: Այս ամենի պահպանումը պահանջում է մշտական զգոնություն, և դրանց խթանումը շարունակական բնույթ է կրում, որին ակտիվորեն հետևում են ՖՄԿ-ն ու իր ինստիտուցիոնալ ցանցերը:  

Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանուրությանը, և որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական և սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը և կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար:

Մենք երախտապարտ ենք Ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար, որ Դուք ստանձնել եք կանանց և տղամարդկանց իրավահավասարության գործընթացի առաջմղումը՝ հիմք դնելով կրթության ոլորտի զարգացման համար, որի մասին խոսել եք անցած տարվա հունիսին Նջամենայում (Չադ) տեղի ունեցած միջազգային գիտաժողովում: 

Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար, 

Տիկին Գլխավոր քարտուղար,  

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, 

Տիկնայք և պարոնայք,

Ամփոփելով ելույթս՝ չեմ կարող չանդրադառնալ հոբելյանական այն միջոցառումներին, որոնք սպասում են Ֆրանկոֆոնիային 2020 թվականին:

Հիսուներորդ տարին կլինի մեր կազմակերպության պատմության հիմնաքարը: Բնական է, որ այն նախ պետք է նշվեր Նիգերիայի Նիամի քաղաքում, որտեղ 1970թ.-ի մարտի 20-ին ստորագրվել է «Ֆրանկոֆոն միջկառավարական առաջին կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիան:  Այլ կերպ ասած, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունը հատուկ նշանակություն կունենա այս տարի: Իսկ մենք էլ մեր հերթին, առանձնահատուկ շուքով կնշենք ֆրանկոֆոնայի երկամսյակը, ինչը կազմակերպում ենք արդեն ավելի քան տասը տարի: 

Այնուհետև, կմեկնենք Թունիս՝ հիսուներորդ տարեդարձի գագաթաժողովին մասնակցելու: Այս բոլոր հիմնարար հարցերի շարքում մենք գիտենք, տիկին Գլխավոր քարտուղար, թե որքան եք կարևորում փոփոխություններ կատարելու գործընթացը: 

Մենք կրկին առիթ կունենանք քննարկելու այս հարցը նախարարների փակ նիստում:

Գագաթաժողովում Հայաստանի նախագահությունը լիակատար աջակցություն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության արդիականացման Ձեր ջանքերում:

Մենք տեղյակ ենք նաև առաջիկա գագաթաժողովի կազմակերպման հարցում Թունիսի իշխանությունների ողջ պատասխանատվության մասին:  

Մաղթում եմ նրանց հաջողություն և վստահեցնում, որ կանգնած ենք նրանց կողքին՝ պատրաստակամ կիսելու Հայաստանի նախագահության փորձը և միասին աշխատելու՝ հիսունամյակի Գագաթաժողովին հաջողության հասնելու համար:  

Շնորհակալություն»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ