Մակրոնը պատրաստվում է ուղևորվել Բաքու

makrone-patrastvoum-e-ouxeorvel-baqou

Նախորդ շաբաթ Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նա հանդիպել է իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ եւ քննարկել ԼՂ կարգավորման ներկայիս փուլը: Որոշ փորձագետներ եզրակացրել  էին, թե հնարավոր է, որ արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հերթական հանդիպման կազմակերպիչ հանդես գա ֆրանսիական կողմը:

Հարցի նրբություններին ծանոթ վերլուծաբանների մի մասը գտնում է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ԱՄՆ նախաձեռնությունը, որի մասին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, իսկ հայկական կողմը խորհուրդ էր տվել ժամանակից առաջ չընկնել եւ սպասել պաշտոնական հրավերի, որոշակի դժգոհությունների տեղիք է տվել Մոսկվայում: Ռուսական մամուլում տեղ են գտել հրապարակումներ այն կտրվածքով, որ ԼՂ կարգավորման հարցում ցուցաբերելով նախաձեռնություն՝ ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել ներկայությունը Հարավային Կովկասում եւ հետապնդում է երկու նպատակ` թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը եւ, այսպես ասած, հյուսիսից «փակել Իրանը»: Ըստ երեւույթին,  այդ հարցում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա որոշ փոխըմբռնում: Համենայն դեպս, ադրբեջանական փորձագիտական հանրության մեծ մասը զգալի հույսեր է կապում ամերիկյան նախաձեռնության հետ եւ խոսում, որ գոյություն ունի ԼՂ կարգավորման Բոլթոնի ծրագիր, ինչը հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի պատկերացումներին:

  Այս համատեքստում չափազանց ուշագրավ տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը` տեղադրելով անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձը: Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերություններում սառնության շրջան է: Դա պայմանավորված է հետևյալով. երբ  ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին Հայաստանում էր գտնվում Ֆրանսիայի նախագահը, Բաքուն դիվանագիտական մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի նա այցելի նաեւ Ադրբեջան` պահպանելով կողմերի միջեւ իր երկրի վերաբերմունքի հավասարակշռությունը:

   Այդ ժամանակ, սակայն, Ֆրանսիայի նախագահը չընդառաջեց ադրբեջանական կողմի խնդրանքներին եւ Երեւանից վերադարձավ Փարիզ: Ադրբեջանում Ֆրանսիայի նախագահի այդ որոշումն ընդունվեց չափազանց ցավոտ: Մամուլը հեղեղվեց հակաֆրանսիական հրապարակումներով: Դրանց հիմնական ուղղվածությունն էր, որ Ֆրանսիան Հայաստանի «քույր պետությունն է, վարում է հակաթուրքական եւ հակաադրբեջանական քաղաքականություն, չի կարող անաչառ միջնորդ լինել ԼՂ կարգավորման հարցում»: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ համարում էին, որ Ադրբեջանը պետք է բարձրացնի ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահության աննպատակահարմարության հարցը: Բայց դա երեւույթի միայն արտաքին, գերազանցապես ներքին լսարանին ուղղված դրսեւորում էր:

   Իրական ռեժիմում Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական մեծ ջանքեր` շտկելու իրավիճակը: Շտապ կարգով Փարիզ գործուղվեց առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, որը ժամանակին Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խմբի ադրբեջանական կողմից համանախագահն է եղել եւ որոշակի կապեր ունի ֆրանսիացի խորհրդարանականների շրջանում:

  Եւ ահա, անկախության տոնի առթիվ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավորություն կունենա Բաքվում քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն տեղում Ֆրանսիայի նախագահը վստահեցնում է, որ իր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ կարգավորման գործընթացում անաչառ միջնորդի հանձնառությանը եւ ամեն ինչ կանի` հասնելու բանակցությունների միջոցով տեւական խաղաղության հասնելու համար: Ադրբեջանական կողմից առայժմ չի անոնսավորվել, թե ե՞րբ են սպասում Ֆրանսիայի նախագահին: Բայց Մակրոնի ուղերձից հասկացվում է, որ նրա այցն Ադրբեջան տեղի կունենա ամենամոտ ապագայում: Թերեւս` ամռանը:

Եթե ուղերձի հիմնական շեշտադրումը վերաբերում է ԼՂ կարգավորմանը, ապա, թերեւս, Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Ադրբեջան այցելել` ինչ-որ գաղափարներ ներկայացնելու Իլհամ Ալիեւին: Ֆրանսիան այդ գաղափարները հայկական կողմի հետ արդեն իսկ քննարկե՞լ է: Կարելի՞ է ենթադրել, որ Մակրոնը փորձում է միջնորդ հանդիսանալ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ: Ֆրանսիայի հավանական դերակատարությունը համաձայնեցվա՞ծ է Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Ֆրանսիայի միջնորդությունն ընդունու՞ է: Մակրոնի Ադրբեջան այցը, հավանաբար, պարզություն կմտցնի այս և այլ հարցադրումների մեջ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ