Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

«Փոքր Հայաստան»՝ մեծ Արգենտինայի սրտում

en am es ru
malenykaa-armenia---v-serdce-bolysoy-argentini

Արգենտինայում մինչ օրս ապրում է աշխարհի խոշորագույն հայկական համայնքներից մեկը: Ըստ որոշ տվյալների՝ Արգենտինայում հայերի թիվը մոտ 200 հազար է: ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից հետո այն աշխարհի չորրորդ խոշորագույն հայկական համայնքն է:

Արգենտինահայերի մեծ մասը 1915 թ. Ցեղասպանության վերապրածների ժառանգներն են: Հայերը գլխավորապես ապրում են մայրաքաղաքում Բուենոս Այրեսում:

Արգենտինայի մայրաքաղաքում կա հայկական թաղամաս, որը կառուցվել է 20-րդ դարասկզբին եւ գտնվում է Պալերմոյի շրջանում: Այն տեղացիներն անվանում են «փոքր Հայաստան»:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ կայքը անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքին եւ երկրում ամենահայտնի հայկական վայրերին:

«Armenia» փողոց

Բուենոս Այրեսում հայկական փողոցը հայտնվել է 1984 թվականին: «Հայաստան» փողոցը հայկական կյանքի էպիկենտրոնն է: Այստեղ է գտնվում հայերի գլխավոր տաճարը, դպրոցները, համերգասրահները, արհեստանոցները, խանութները եւ ռեստորանները:

Առաջին գաղթականների ժառանգները հենց այս հատվածում են ապրում: Այստեղ կարելի է դիտել հայկական պարեր ու ներկայացումներ կամ էլ հաճախել հայկական խոհանոցին վերաբերող դասընթացների:

Հայկական գլխավոր եկեղեցին

Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարը Արգենտինայի հայկական գլխավոր եկեղեցին է (Catedral de San Gregorio el Iluminador): Այն կառուցված է հայկական ճարտարապետական ոճով, 1932 թվականին եւ գտնվում է Armenia փողոցում: Եկեղեցու հարակից տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կա:

Հացաբուլկեղենի հայկական արտադրամասը

Armenia փողոցի հարեւանությամբ է գտնվում Բուենոս Այրեսի հացաբուլկեղենի հայկական առաջին արտադրամասը` «Panadería y Confitería Armenia»-ն, որը բացվել է 1930-ին հայ գաղթականների կողմից: Այստեղ պատրաստվում են հայերի կողմից սիրելի գաթան ու փախլավան:

Հայ ներգաղթյալների հրապարակը

Պալերմոյի կենտրոնում գտնվող հրապարակը 2014-ին վերանվանվել է «Plaza Inmigrantes de Armenia»` ի պատիվ հայ գաղթականների: Հրապարակին կից գտնվում է համանուն այգի: Արգենտինացիները հրապարակը շատ հաճախ անվանում են Հայաստանի հրապարակ:

Նշենք, որ Արգենտինայում բացի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կան նաև այլ եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ:

Արգենտինայում գործում են հայկական կազմակերպություններ` ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը, ավանդական կուսակցությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղը և այլ կազմակերպություններ: Արգենտինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 2009 թվականից Բուենոս Այրեսում գործում են Արգենտինահայ երիտասարդ արհեստավարժների միությունն ու Արգենտինահայ իրավաբանների ընկերակցությունը:

1985 թվականի ապրիլի 23-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում է ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին: 2003 թվականի օգոստոսի 20-ին Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել է Արգենտինայի Խորհրդարանը, իսկ 2005 թվականի ապրիլի 20-ին` Սենատը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ