Մամեդյարովն, իհարկե, կլիներ ազնիվ, եթե իր հորդորն ուղղեր սահմանը փակող երկրին՝ Թուրքիային

am
mamedyarovn--iharke--kliner-azniv--ete-ir-hordorn-ouxxer-sahmane-paxox-erkrin-tourqiayin

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած VII Գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է ադրբեջանական կողմի համար: Իր խոսքում նա, մասնավորաբար, ասել է. «Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, և ոչ թե պարզապես բանակցելու համար: Դրանք պետք է հանգեցնեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը: Ստատուս քվոն պետք է փոխվի: Դրա համար Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Հասկանալի է՝ սա Ադրբեջանի հին երգն է, որևէ նոր բան չկա: Զարմանալ էլ պետք չէ, քանի որ ասվածը զուտ ալիևյան հռետորաբանության տրամաբանության մեջ է: Սակայն հարցը հետևյալն է, եթե Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդառաջ հանդես է գալիս նման նախապայման հիշեցնող տոնայնությամբ, թե՝ «բանակցությունները պետք է հանգեցնեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը», արժե՞, արդյոք, որ Հայաստանը մասնակցի նման հանդիպմանը: Ի պատասխան մեր դիտարկման՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ասաց.

«Դա իրենց բանակցային դիրքորոշումն է, այսինքն, ոչ թե նախապայմանի մասին է խոսքը, այլ ադրբեջանական կողմի դիրքորոշման: Մենք էլ պետք ներկայացնենք մեր դիրքորոշումը: Բանակցությունների էությունը կայանում է նրանում, որ մինիմումի հասցվեն փոխհրաձգությունը սահմանին ու նվազեցնել լարվածությունը և փոձել գտնել եղանակներ խնդրի կարգավորման համար: Իր խոսքում Ալիևը ոչ մի նոր բան չի ասում՝ ասվածը ոչ մեզ համար, ոչ ադրբեջանցիների համար ամենևին նորություն չէ: Խնդիրն այն է, որ կարողանանք գործընթացը տեղից շարժել»:

Նույն ֆորումի ժամանակ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ասելով, թե «տնտեսական հեղափոխության» իրականացման համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Աստծո սիրուն… չորս սահմանակից պետություններից առնվազն երկուսի հետ Հայաստանի ունեցած սահմանները փակ են, դրան զուգահեռ մնացածների հետ էլ խնդիրներ կան: Սա թերևս առաջին քայլն է`հասկանալու համար, որ անհրաժեշտ է բացել սահմանը ու հաստատել նորմալ հարաբերություններ», - ասել է Մամեդյարովը:

Ինչպես տեսնում ենք, հակառակորդ երկրի ԱԳ նախարարը բավականին «մտահոգ» է Հայաստանի շրջափակմամբ ու խիստ սրտաճմլիկ ելույթ է ունեցել՝ Երևանին խորհուրդ տալով, ինչպես ժողովուրդը կեսեր՝ «քարը փեշից թափել» ու բացել սահմանը: Բայց հարց է առաջնում՝ իսկ ո՞վ է փակել սահմանը: Մահմեդյարովի խոսքն, իհարկե, ի ցույց է դնում թուրքական դիվանագիտության կեղծարար դեմքը, փաստերը խեղաթյուրելու հարցում ադրբեջանական կողմի մեծ վարպետությունը: Մամեդյարովն, իհարկե, ազնիվ կլիներ, եթե իր հորդորն ուղղեր իրական հասցեատիրոջը՝ Թուրքիային, ու հորդորեր իր մեծ եղբորը՝ բացել Հայաստանի փակված սահմանը և թույլ տալ, որ Հայաստանը, ինչպես ինքն է ասում, իրականացնի «տնտեական հեղափոխությունը»: Այ, սա իսկապես կլիներ իսկական հարևանին բնորոշ քայլ:

Մամեդյարովի կեղծավոր հորդորին ի պատասխան, հայ քաղաքագետը հիշեցնում է. «Հայաստանը չի փակել սահմանը, որպեսզի Հայաստանն էլ բացի այն: Թուրքիան է փակել սահմանը, ուրեմն բացման գործընթացը պետք է սկսի հենց Թուրքիան: Սակայն վերջինս սահմանը բացելու համար նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ, նախապայմաններ, որոնք չեն բխում մեր արտաքին քաղաքական գերակայություններից, ոչ էլ տարածաշրջանում առկա ռեալ իրավիճակից»:

Իր հերթին՝ Ալեքսանդր Մարկարովը հորդորում է Մամեդյարովին՝ «Ոչ թե խոսիր Հայաստանի անելիքների մասին, այլ օգնիր քո նախագահին՝ հասնելու ԼՂ հարցի կարգավորմանը»:

Ա.Ս.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ