«Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ

am
marti-1-i-naxaqnnoutyan-pouloum-gtnvox-gorcov-orpes-mexadryal-e-nergravvac-6-anc

Հատուկ քննչական ծառայությունում քննվող «Մարտի 1»-ի քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է Դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը։

Նշենք, որ գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել «Մարտի 1»-ի՝ նախաքննական փուլում գտնվող քրեական գործի մասին՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը եւ տեղեկատվություն ստանալու շահը։ Մասնավորապես, խնդրել էինք նշել, թե 2018-2019 թթ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու  մասին նախաքննական մարմնի քանի՞ որոշման օրինականություն է ստուգվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Արդյո՞ք հսկողություն իրականացնող դատախազի կողմից ստուգվել են Նախագահի նախկին օգնականներ Գեւորգ Կոստանյանի եւ Գեւորգ Մհերյանի, ինչպես նաեւ՝ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ (նկատի ունենալով, որ նշված անձանց անունները շոշափվում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում)։ Խնդրել էինք նշել նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող «Մարտի 1»-ի քրեական գործով այս պահի դրությամբ քանի՞ մեղադրյալ կա եւ քանի՞ հետախուզվող։ Եթե նրանց անունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, խնդրել էինք նշել միայն թիվը եւ նրանց առաջադրված մեղադրանքների հոդվածները։

Դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ նշված ժամակահատվածում քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ չեն կայացվել. «Հարցման մեջ նշված անձանց նկատմամբ քրեական գործով դատավարական որոշումներ չեն կայացվել»,-նշել է նա։

Պետրոս Պետրոսյանը հայտնել է նաեւ գործում որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը. «2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցության ՀՔԾ-ում քննվող քրեական գործով նշված իրադարձությունների առնչությամբ որպես մեղադրյալ ներգրավված է  6 անձ»,-նշել է նա՝ հավելելով, որ հարցման մեջ նշված մյուս հանգամանքները նախաքննության արդյունավետության շահով պայմանավորված հրապարակման ենթակա չեն։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ