Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Մարզական տոն` Արցախում

marzakan-ton-arcaxoum

Հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ CONIFA World Football Cup-ի՝ Confederation of Independent Football Associations հովանու ներքո կազմակերպվող ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացումը:

 

Այս ձևաչափով մրցաշարերին մասնակցում են ֆուտբոլային հավաքականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող խաղալ FIFA-ի կողմից կազմակերպված առաջնություններում: Այսօրվա դրությամբ CONIFA-ն միավորել է 47 երկրների, որոնց թվում են Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, Մոնակոն, Գրենլանդիան և ուրիշներ: Մենք՝ հայերս, ներկայացված ենք երկու հավաքականներով՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի:

 

Հիշեցնեմ, որ առաջին նման մրցաշարը անցկացվեց 2014 թվականի հունիսի 1-8-ը շվեդական Էստերսունդ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում և հանդիսանում է հարավային սաամներ կոչվող ազգությամբ բնակեցված Եմտլանդ լեն ադմինիստրատիվ միավորման կենտրոնը: Մրցաշարը, որում հաղթող ճանաչվեց Նիցցա կոմսության թիմը, հաջողություն ունեցավ, իսկ կազմակերպիչները որոշեցին, որ այսուհետ մարզական այս ստուգատեսը դառնալու է ավանդական ու կայանալու է երկու տարին մեկ անգամ՝ զույգ տարիներին կրելով աշխարհի, իսկ կենտ տարիներին՝ Եվրոպայի առաջնություն անվանումները:

 

Միջազգային մամուլն, անդրադառնալով Ստեփանակերտի մարզադաշտում կայացած բացման արարողությանը, նշում է, որ այն անցավ բավական բարձր մակարդակով ՝ շուրջ 20 հազար հանդիսականի ներկայությամբ: Պատվավոր հյուրերի թվում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը և ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևը: Մյուս չճանաչված երկրները ներկայացված էին արտգործնախարարությունների պաշտոնյաների մակարդակով: Արցախ են ժամանել նաև տեղերում հայկական համայնքների ներկայացուցիչները: Հյուրերի մեջ շատ հաճելի էր տեսնել նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ, հայ ազգի մեծ բարեկամ և Արցախի հարցի արդարացի լուծման ջատագով Կոնստանտին Զատուլինին:

 

Ներկաները ականատես եղան վառ և գեղեցիկ արարողության՝ համեմված երգ ու պարով, որն ավարտվեց տոնական հրավառությամբ:

Ցավոք, հիմնականում քաղաքական պատճառներով ոչ բոլոր հավաքականները կարողացան ժամանել Ստեփանակերտ: Բացակայում էին, մասնավորապես, գործող աշխարհի չեմպիոն Զակարպատիեի հավաքականը, Լուգանսկն ու Դոնեցկը, Նիցցան:

 

Հիմա մի քանի խոսք այս միջոցառման քաղաքական կողմի մասին: Անշուշտ, վերջին ամիսներին Արցախի շուրջ ծավալված նեգատիվ ֆոնին, որին, ցավոք, նպաստեցին նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, առաջնությունը հնարավորություն է տալիս Արցախի Հանրապետությանը կրկին լավագույն կողմերով ներկայանալ աշխարհին: Ինչպես նշեց ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, այս իրադարձությունը մեծ օգուտ կտա ամբողջ տարածաշրջանին և կնպաստի Արցախի մարզական կյանքի և տուրիզմի զարգացմանը:

 

Մամուլի տեղեկություններով, առաջնության օրերին Արցախը կհյուրընկալի շուրջ 1000 արտասահմանցի հյուրերի: Այս առումով ռուսական Sport 24 կայքէջը, անդրադառնալով առաջնության բացմանը, նշում է, որ տուրիստների ներհոսքը խրախուսելու նպատակով Արցախի իշխանությունները առաջնության օրերին վերացրել են մեկանգամյա տուրիստական հրավերի համար նախատեսված պետտուրքը:

 

Իսկ թերևս ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ հայ ազգը կրկին հնարավորություն ստացավ ցուցաբերելու իր միասնականությունը և միավորողի դերում Աստծո կամքով դարձյալ հանդես եկավ Արցախը: Ափսոս միայն, որ նախօրեին մենք կորցրեցինք ևս մեկ լուսավոր տղայի՝ թշնամու դավադիր կրակոցից զոհվեց Սիփան Մելքոնյանը: Փառք ու պատիվ մեր հերոսին, իսկ առաջնությանը՝ խաղաղ ընթացք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ