Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Մաշտոց ձեռացը

am
mastoc-cerace

Մաշտոցյան Մատենադարան-Գանձասարում ցուցադրվող մատյաններից է «Մաշտոց ձեռաց»-ը, որը թվագրվում է 1641 թ. (Ձեռ. 2404, Ավետարանոց ավան, գրիչ և ծաղկող՝ Գայանե):

 

Ավետարանոց ավանի Կուսանաց անապատը, որն, ըստ ավանդության, 5-րդ դարում հիմնադրել է Աղվանից Վաչագան Բարեպաշտ թագավորը, 17-18-րդ դարերում դառնում է գրչության կենտրոն և կապվում Գայանե և Հռիփսիմե կույսերի անունների հետ: Գայանեն Վարանդայի մելիք Հուսեինի և Դիզակի գավառի տիրակալ մելիք Ավանի քույր Աննայի դուստրն էր: Նա գավառի անունով կոչվում էր նաև Վարանդացի: Իշխանական տոհմից սերող այս խիզախ հայուհու մասին ավանդազրույցը պատմում է, որ նա իր մոր՝ Աննայի հետ սպանում է գյուղ ներխուժած թուրք զինվորներին, նրանց հետ նաև թուրք զորավարին, ով, տեսնելով Գայանեին, սիրահարվել էր և ցանկանում էր կնության առնել նրան: 1733 թվականին Գայանեն մտնում է անապատ և մինչև կյանքի վերջն իրեն նվիրում գրչության արվեստին: Րաֆֆին վկայում է, որ ինքն անձամբ Ավետարանոց գյուղում տեսել է Գայանեի գրչագրած գեղեցկազարդ մի Ավետարան:

Ինչպես տեղեկանում ենք Մատենադարան-Գանձասարից, Գայանեի ձեռքով գրչագրված ու նկարազարդված երեք ձեռագիր է մեզ հայտնի: Առաջինը այս Մաշտոցն է, որ համաչափ ու մանր բոլորգրով Գայանեն օրինակել է Ավետարանոց ավանում 1641 թվականին ։ Համեստ ծաղկազարդումը՝ մի քանի ճակատազարդեր, լուսանցազարդեր ու զարդագրեր, նույնպես կատարել է Գայանեն: Դարձյալ Ավետարանոցի Կուսանաց անապատում Գայանեն մի Ավետարան օրինակել է 1671 թվականին։ Ձեռագրի գտնվելու վայրը հայտնի չէ: Երրորդ ձեռագիրը նույնպես Ավետարան է, որ 1650 թվականին Վարանդայի Թաղավարդ գյուղում Սարգիս քահանայի խնդրանքով օրինակել է Կատարինե կույսը, իսկ ծաղկազարդումը կատարել է Գայանեն: Մատյանն այժմ պահվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ