Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Մայիսի 28. շնորհավորանքներ և անպատասխան հարցեր

mayisi-28-snorhavoranqner-e-anpatasxan-harcer

Օվալաձևը պատշգամբը, որտեղից հայտարարվել է Հայաստանի անկախությունը, սև շենքը, որտեղ գործել են առաջին հանրապետության բոլոր կառավարություններն ու վարչապետները, այսօր վերածվել է սննդի սպասարկման կետի։ Սրանով գուցե ամեն ինչ ասված ու ավարտված է։

Բայց, երբ պատկերացնում ես, թե ինչպես են թշնամական բանակների հարվածների տակ, եղեռնազարկ գաղթականների հոսքի ծանր պայմաններում, սովի, համաճարակի ու բծավոր տիֆի մեջ մարդիկ կարողացել պետականություն կերտել, ազգի արժանապատվություն վերականգնել և այդքանից հետո տեսնում նույն այդ շենքում զվարթ ու անհոգ քրքիջների ներքո մարդկանց ուտել-խմելը, առևտուր անելը, ուզում ես հիշել Վիլյամ Սարոյանի տարակուսանքը.

«Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։ Ու այս ամենը մտաբերում ես սրտի կսկիծով և ուղեղի զայրույթով։ Այլ կերպ հնարավոր չէ։

Ավելի քան կես հազարամյակ առանց պետության գոյատևելուց և ի վերջո անկախության երազանքն իրագործելուց հետո այդ պատմական շենքում ունենալ ոչ թե թանգարան կամ ուխտավայր, այլ բիզնես կենտրոն ու սննդի կետ, նշանակում է մի պարզ բան. ուզում ես սևակյան տողերի պես մորմոքալ. «Դե եկ, վարդապետ, մի’ խելագարվիր»։

Մինչդեռ այն, ինչ կատարվել էր 1918-1920 թվականներին, մեծագույն գնահատանքի էր արժանի։ Չէ՞, որ թուրքերի, Կովկասի թաթարների, ռուսների ու վրացիների դավադիր գործարքների, ազգային-տարածքային սուր վեճերի, քաղաքական իրարամերժ կողմնորշումների պայմաններում հայությունը կարողացավ արյունով ու ատամներով փրկել իր հայրենիքի մի հողակտորը և հռչակել հայկական պետության ծնունդը։ Վերջապես, հայ ժողովուրդն ունեցավ իր առաջին ինքնիշխան կառավարությունն իր իսկ հայրենիքում: Հայոց անկախ պետականությունը հռչակվեց 12 հազար քկմ տարածքի վրա, իսկ հաջորդ տարում հանրապետության տարածքն ընդարձակվեց ու հասավ 60 հազար քկմ-ի։ Անկասկած, հայոց պետականության ծնունդը հնարավոր չէր լինի առանց մայիսյան հերոսական գոյամարտերի Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում։

Երկու հսկայական թևավոր ցուլերը և վեհասքանչ, հաղթական զանգաշտարակը Սարդարապատի հուշահամալիրում խորհրդանշում են այդ ամենի հավաքական իմաստը՝ Հայաստանի փրկությունը, հայի հերոսականությունը ու հանրապետության ծնունդը։ Բայց զարմանալիորեն մեր երկիր ժամանող օտարերկրացի պաշտոնատար այրերի պետական այցի արարողակարգում չկա Սարդարապատի հուշահամալիրը։

Ինչո՞ւ օրինակ մեր պատմության ամենաողբերգական հատվածը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ներառված է հյուրերի այցի արարողակարգում, իսկ Սարդարապատի հուշահամալիրը՝ ոչ։ Ինչո՞ւ Հայաստան ժամանող պետական այրերին Սարդարապատում չառաջնորդել արծիվների ծառուղիով դեպի աղեղնաձև քանդակազարդ «Հաղթանակի պատը», որպեսզի նրանք մեր մասին չմտածեն միայն որպես զարկված ու զրկված ժողովուրդ, այլ նաև՝ հաղթած ու հերոսացած։ Ինչպե՞ս կարելի է անտեսել հայկական պետության ակունքները ու այդ փառքով չներկայանալ միջազգային հանրությանը։

Սա հարց է, որի պատասխանը չունեմ, ցավոք, ու չունեն շատերը։ Բայց ամեն անգամ մայիսի 28-ին, ամեն անգամ շնորհավորանքների հետ ծնվում է այդ հարցը, չլուծված ու անարդարացիորեն անտեսված հարցը։ Նույնիսկ կարելի է ասել՝ մեր պետական միավորի պատվի հարցը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ