Մայր Արաքսը

am
mayr-araqse

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին հին դարուց յիշատակ
Ալեաց մէջը պտտում եմ։

Բայց նոքա միշտ յեղյեղուկ
Պղտոր ջրով եզերքին
Դարիւ դարիւ փխելով
Փախչում էին լալագին։
«Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած՝
Սգաւոր ես ինձ նման։
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սէգ, հպարտ աչերից․
ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից․․․»
Մէջքը ուռցուց Արաքսը ,
Փրփուր հանեց իր տակից․
Ամպին նման գոռալով
Այսպէս խօսեց յատակից․
«Խիզա՜խ, անպի՜տ պատանի,
Նիրհս ինչո՞ւ դարեւոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցաւերը բիւրաւոր։

Սիրէի մահից յետ
ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտկից գլուխ պճնումի
Իր զարդերով թանկագին։
Կար ժամանակ, որ ես էլ
Շքեղազարդ հարսի պէս
Հազար ու բիւր պչրանքով
Փախչում էի ափերէս։
Ի՞նչս մնաց էն օրից,
Ո՞ր ջրամօտ գեղերս,
Ո՞րը իմ շէն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերս։
Մինչ իմ որդիք, ո՜վ գիտէ,
Ծարաւ, նօթի, անտերունչ,
Օտար աշխարհ յածում են
Թոյլ ոտքերով, կիսաշունչ․․․
Քանի որ իմ զաւակունք
Այսպէս կը մնան պանդուխտ,–
Ինձ միշտ սգուոր կը տեսնէք․
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․»
էլ չխօսեց Արաքսը․
Ձորձանք տուեց ահագին,
Օղակ օղակ, օձի պէս,
Առաջ սողաց մոլեգին։

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ