Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Մեծ արձագանքի արժանացած «ԹՈՒՄԱՆՅԱՆԸ» կարճամետրաժ ֆիլմը կունենա շարունակություն. հարցազրույց հեղինակի հետ (տեսանյութ)

mec-arcaganqi-arjanacac-toumanyane-karjametraj-filme-kounena-sarounakoutyoun-harcazrouyc-hexinaki-het-tesanyout

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «ԹՈՒՄԱՆՅԱՆԸ» կարճամետրաժ ֆիլմը, որն օրեր շարունակ համացանցում գրավել էր օգտատերերի ուշադրությունը, շուտով կունենա շարունակություն, այս անգամ նվիրված հայոց մյուս հանճարին՝ Կոմիտասին:

Ֆիլմի, ունեցած հաջողության և այլ հարցերի մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցել է «ԹՈՒՄԱՆՅԱՆԸ» կարճամետրաժ ֆիլմի հեղինակ, ԵՊՀ ուսանող, հումորիստ, բլոգեր Ռուբեն Եսայանի հետ:

«Թումանյանն իմ ամենասիրելի հայ գրողն է, և երբ մոտեցավ ծննդյան օրը շատ արագ որոշեցի ինչ-որ բան մտածել, բայց այնպիսի բան, որը կրկնվող չէր լինի և քանի որ անիմացիոն հմտությունների տիրապետում եմ, որոշեցի փորձել ինչ-որ կերպ կենդանացնել Թումանյանին»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ֆիլմի հաջողության գրավականը՝ Ռուբեն Եսայանի խոսքով՝ տարբերվող միտքն էր, որը փորձել է ներկայացնել ֆիլմում, բացի մտքից կարևոր էր նաև Թումանյանի ձայնի կրկնօրինակողի ընտրությունը. «Երկար ժամանակ մտածում էի, թե ով կկարողանա Թումանյանի ձայնը կրկնօրինակել ու մտքովս Բաբկեն Չոբանյանն անցավ: Ամեն կերպ փորձեցի գտնել նրան, երբ առաջարկեցի, հարցրեց՝ դու, իրոք, կարծում ես, որ իմ ձայնը համապատասխան է, ես էլ ասացի, որ իր ձայնից ավելի լավ տարբերակ չունեմ, և այդպես փորձեցինք ու լավ ստացվեց: Կարծում եմ՝ հաջողության գրավականը հիմնականում նրա ձայնն էր»:

Ֆիլմի հեղինակն ընդգծում է, որ իրականում սա բարդ աշխատանք էր, որը կարողացավ իրականացնել առանց մեծ գումարների. «Սա մեկ հոգու համար շատ բարդ աշխատանք է, ես ոչ գումար եմ ունեցել, ոչ տեխնիկա, նկարահանել եմ առանց գումարի ու ծանոթներից տեսախցիկ գտնելով: Քանի որ այսքան սիրվեց, մտքովս անցավ նաև Կոմիտասի 150 ամյակին նվիրված ֆիլմ պատրաստել, , բայց այն կլինի ոչ թե կարճամետրաժ ֆիլմ, այլ այս ֆիլմի շարունակությունը»:

Երիտասարդ ստեղծագործողն ասում է, որ ֆիլմն այլընտրանք է մարդուն կրթելու համար. «Հազարից մեկը գուգլում կգրի Թումանյան ու կկարդա իր բանաստեղծությունները, իսկ այս ֆիլմի մեջ 3 բանաստեղծություն կա, ու դրանով գոնե մարդիկ 3 բանաստեղծություն կսովորեն»:

Ինչ վերաբերում է բլոգերությանը, Ռուբենը նկատում է այն մեզ մոտ չզարգացած, բայց զարգացող ոլորտ է. «Մի երեք տարի առաջ համարյա ոչինչ չկար, բայց այսօր արդեն ինչ-որ ակտիվություն է նկատվում հայկական Յութուբում, մինչ այդ եղել են բլոգերներ, ովքեր տեքստերով են աշխատել, բայց վիդեոբլոգերների մեծ աճ է արձանագրվել և որակը գնալով ավելի է մեծանում: Կարծում եմ՝ տարիներ հետո մեծ հաջողություն կունենանք»:

Ավելին՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ