Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը

am
meknarkel-e-krtoutyoun-bolori-hamar-mijazgayin-canci-amenamya-hamajoxove

Համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։

«Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանը 7 հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են այն խնդիրներին, թե հայոց պատմության մեջ ինչպիսի՞ն է եղել կրթության դերը, ինչպիսի՞ն կլինի կրթությունը Հայաստանում 10 տարի անց, ինչպիսի՞ գիտելիքներ են անհրաժեշտ առաջնորդության համար, աշակերտները կարո՞ղ են մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակմանը և այլն:

Ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարութան նպատակն է՝ կրթությունը Հայաստանում դարձնել ազգային ապրելակերպ, որպեսզի քաղաքացու կրթությունը լինի շարունակական՝ ողջ կյանքի ընթացքում: Ըստ Ն. Փաշինյանի՝ կրթության ամենակարևոր բաղադրիչն ինքնակրթությունն է: 10 տարի հետո վարչապետի երազանքի կրթությունն այն է, երբ չկա հակադրություն աշակերտի և ուսուցչի, աշակերտի և դպրոցի միջև, երբ կրթությունն ընդլայնում է աշխարհայացքը և քաջալերում աշակերտի ձգտումը, երբ գիտելիքը սահմաններ չունի: Դիմելով աշակերտներին՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավատալ սեփական ուժերին և գտնել իրենց առաքելությունը:

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս միջոցառումն իր կարգախոսով տեղավորվում է այն քաղաքականության շրջանակում, որը հռչակել է ՀՀ կառավարությունը, այն է՝ որակյալ կրթություն բոլորի, այլ ոչ թե քչերի համար:

«Նման ներկայացուցչական քննարկումները և արտերկրի լավագույն փորձի ներմուծումը կօգնեն մեզ՝ ծրագրերի մշակման և նոր քաղաքականության իրականացման առումով: Մենք համագործակցում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ. նրանց մասնագետները մեր տարբեր դպրոցներում դասավանդում են, և իրենց մեթոդաբանությունից որոշ դրվագներ և բաղադրիչներ անպայման ներառում ենք մեր բարեփոխումների և ծրագրերի մեջ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի արդյունքը տեսանելի է, քանի որ նրանց մասնագետները ոչ միայն կրթություն են տալիս, այլև առհասարակ միջավայր են փոխում համայնքներում, մոտիվացնում աշակերտին:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանում նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելը պայմանավորված է նաև հանգամանքով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բավականին ակտիվ համագործակցում է «Կրթություն բոլորի համար» ցանցի շրջանակում:

Նշենք, որ այս տարվա համաժողովի քննարկման հիմնական թեման է՝ ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցում, այնպես էլ դրանից դուրս գործող մասնագետների, զանազան խմբերի մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են պատվիրակներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ» 2019թ. տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի Փաթրինոսը:

Վերջին 5 տարիների ընթացքում կրթական համակարգում «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ազդեցության կրողներն են Հայաստանի յոթ մարզերի ավելի քան 14000 երեխաներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ