Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը

am
meknarkel-e-sasna-crer-kam-sasounci-davit-eposi-pahpanman-e-taracman-cragire

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը: 

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: 

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում: 

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում և հասանելի է Android և IOS համակարգերի համար: 

2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով ևս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Ավելացվելու է նաև հղումների կոճակների քանակը, ինչը զգալի դյուրացնելու է տվյալների որոնումը: 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էպոսի ճանաչողության շրջանակի ընդլայնմանը, կատարողական ավանդույթների կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված նույնանուն տարրի պահպանությանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ