Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Մենք… և Դորիան Գրեյի դիմանկարը

menq-e-dorian-greyi-dimankare

 

Եթե հիշում եք, անկախության առաջին տարիներին մեզանում լեզուն օտար բառերից ազատագրելու մի իսկական բում (ներողություն արտահայտությանս համար) սկսվեց: Թարգմանվում էր ամեն ինչ՝ սկսած ավտոտեխսպասարկման ոլորտի բառապաշարից, վերջացած գիտական տերմիններով: Երբեմն բանը հասնում էր աբսուրդի՝ լույս աշխարհ բերելով երկարակլորախմորածակ և օրիորդապնդիչ: Բնականաբար, այդ և նմանատիպ լեզվի «գոհարները» (հիմա էլ ներողություն եմ խնդրում բոլոր Գոհարներից) այդպես էլ տեղ չգտան մարդկանց խոսակցական լեզվում:

Պատահական չխոսեցի այդ մասին: Կա ևս մեկ բառ, որն, իհարկե, նոր չէ թարգմանվել, սակայն անցյալում գրեթե չէր գործածվում՝ ասպարեզը համեստորեն թողնելով միջազգային (թե ռուսական, հաստատ չեմ կարող ասել) համարժեքին: Լսելով այդ բառի մեզանում ավելի ու ավելի տարածվող բառը՝ մի զգացողություն եմ ունենում ասես կողքիս ինչ որ մեկը «տասանոց» մեխով խազեր է անում ապակուն:

Չչարաշահեմ ձեր համբերությունը: Խոսքս մտավորական բառի մասին է: Չեմ սիրում այդ բառը՝ այնքան խոսուն և այժմեական և միաժամանակ այնքան հակասական: Իսկ վերջին շրջանում, երբ մեր հասարակության՝ խիստ քաղաքականացված տարբեր ճամբարների ներկայացուցիչներ պարբերաբար իրար մեղադրում են մտավորական չլինելու (թ՞ե լինելու) մեջ՝ յուրաքանչյուրն իր պատկերացումներից ելնելով այն դարձել է գրեթե վիրավորական: Ահա, թե ինչ աստիճանի է գահավիժել ինձ համար նվիրական ինտելիգենտ հասկացությունն՝ իր էությամբ խիստ կոնսերվատիվ և դրանով իսկ՝ ուժեղ:

Ինտելիգենտ բառի իմաստը ես բացահայտեցի դեռ մանկության և պատանեկության տարիներին՝ ծանոթանալով Չեխովի, Կուպրինի, Բունինի, Դոստոևսկու, ինչու ոչ՝ Շիրվանզադեի, Լևոն Շանթի գործերին: Միգուցե այդ է պատճառը, որ ինձ համար այդ բառն ունի շատ վեհ իմաստ: Իմ պատկերացմամբ ինտելիգենտն այն մարդն է, որի համար այս մեղավոր աշխարհում ամենից վեր է իր պատիվը: Ինտելիգենտը, ի տարբերություն մտավորականի, երբեք չի քծնում… որովհետև ամաչում է: Քծնողի փոխարեն էլ է ամաչում: Ինտելիգենտը երբեք դեմ չի գնում իր սկզբունքներին՝ ելնելով պահի պահանջից… որովհետև ամաչում է: Անսկզբունքայինների փոխարեն էլ է ամաչում: Ինտելիգենտը երբեք չի վիրավորի ուրիշի կնոջը, քրոջը, ընտանիքի մորը, որովհետև ինք էլ կին, քույր և մայր ունի: Ինտելիգենտը երբեք ուրիշներին չի փաթաթի իր կարծիքը, որովհետև հասկանում է՝ ամեն մարդ ունի սեփականն ունենալու իրավունք: Ինտելիգենտը երբեք չի շարժվում «թող ես չունենամ, բայց հարևանս էլ պիտի չունենա» սկզբունքով, որովհետև ցանկանում է, որ բոլորի համար լավ լինի, ինտելիգենտը երբեք չի կարող իր և սեփական նեղ շրջապատի համար «սեփականաշնորհել» երջանկությունը, քանի որ հավատում է. Աստված բոլորին է ստեղծել երջանիկ լինելու համար:

Ես շատ եմ մտածում այն մասին, թե ինչու մենք արդեն երեք տասնամյակից ավելի է՝ հետզհետե ջնջում ենք մեր միջի ինտելիգենտին՝ նրան փոխարինելով մտավորականով: Եվ պատասխան չեմ գտնում… փոխարենը, չգիտես ինչու, զուգահեռներ եմ տանում Օսկար Ուայլդի Դորիան Գրեյի դիմանկարի հետ…

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ