Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մենք հավատում ենք Նիկոլ Փաշինյանին և պատրաստ ենք իր առաջ բանալ սփյուռքի դռները. ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Հրաչ Գույումջյան

es am
menq-havatoum-enq-nikol-pasinyanin-e-patrast-enq-ir-araj-banal-spyourqi-drnere-rak-geragouyn-xorhrdi-andam-hrac-gouyoumjyan

Հետհեղափոխական Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների տրամադրություններ են. քաղաքական ուժերը շտապում են դիրքավորվել, ու հնարավորինս արագ նախապատրաստվել սպասվող ընտրություններին: Ավանդական կուսակցություններից արտահերթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ռամկավարական ազատական կուսակցությունը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրուցում ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ ՀՐԱՉ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ, նախ նկատեց, թե, իհարկե, փոքր-ինչ արագացված տեմպով են տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, առավել նախընտրելի կլիներ, եթե այն անցկացվեր նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, քանի որ դա կուսակցություններին ժամանակ ու հնարավորություն կտար ավելի լավ նախապատրաստվել ընտրությանը: Սակայն, դրանով հանդերձ, ըստ Հրաչ Գույումջյանի, կա նաև խնդրի մյուս կողմը.

«Որքան արագ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան երկրի ներսում արագ կընթանան ժողովրդավարացման գործընթացները, հուսանք, որ լուծումներն էլ կարող են լինել դրական: Կարծում եմ, սա հաշվի առնելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջնությունը տվեց ընտրություններն ավելի վաղ՝ դեկտեմբերին անցկացնելու տարբերակին: Մենք հավատում ենք Նիկոլ Փաշինյանին, նա հույս է ներշնչել ժողովրդին, ճամփա է գծել, ու քայլելու է այդ ճանապարհով»:

Ինչպես հայտնի է, երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող, այնպես էլ ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին առնչվող հարցեր: Հրաչ Գույումջյանին խնդրեցինք, տարածված պաշտոնական տեղեկատվությունից զատ, ներկայացնել, թե ի՞նչ է խոսվել հանդիպման ժամանակ, ի՞նչ առաջնահերթ հարցեր են բարձրացվել:

Հրաչ Գույումջյանը՝ հանդիպման հետ կապված ներկայացրեց հետևյալը.

«Այո, երեկ մենք 6 հոգով հանդիպեցինք վարչապետի պաշտոնակատարի հետ. ՌԱԿ պատվիրակության կազմում ընդգրկված էին Կենտրոնական վարչության անդամներ՝ Հակոբ Ավետիքյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, իսկ Գերագույն խորհրդի անդամներից՝ Երվանդ Ազատյանը, Վարդգես Գուրույանն ու Հրաչ Գույումջյանը:

Նախ, մենք շնորհակալություն հայտնեցինք պարոն Փաշինյանին, որ լինելով այդչափ զբացված՝ կարողացավ մեզ ընդունել: Ապա ներկայացրինք մեր մի շարք մտահոգությունները:

Կա մի կարևոր հանգամանք. սփյուռքը մեկ մարմին չէ, հետևաբար, սփյուռքը հասկանալը դյուրին չէ: ՀՀ նախկին իշխանությունները սփյուռքը դիտարկում էին մեկ կուսակցության «ակնոցով»: Դա, անկեղծ ասած, փոքր- ինչ ձախողված քաղաքականություն էր: Մենք չենք կամենում, որ ժողովրդի վստահությունը վայելող այսօրվա իշխանությունը գնա նախորդների ոչ ճիշտ ճանապարհով, հետևաբար, ուզում ենք զորավիգ լինել Նիկոլ Փաշինյանին:

Եվ մենք ասացինք՝ նպատակ ունենք սփյուռքը ներկայացնել իրեն այնպես, ինչպես, որ կա, և պատրաստ ենք իր առաջ բանալ սփյուռքի դռները: Դրա համար ՌԱԿ-ն ունի անհրաժեշտ ներուժ, այդ թվում և քարոզչական ներուժ, քանի որ ունի ներկայանալի լրատվական ցանց: Բայց դրա համար հարկավոր է ՌԱԿ-ին տալ ՝ Հայրենիքում իր հայանպաստ ծրագրերն իրականացնելու լայն հնարավորություն»:

Հիշեցնենք՝ Հայաստանի ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատական կուսակցությունը միակն էր, որ ստորագրեց Անկախության հռչակագրի տակ, նաև 4 կուսակցությունների հետ ստորագրեց Հայաստանում անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ համաձայնագիրը: Անկախ Հայաստանի գոյության ընթացքում առաջին ներդրողները ռամկավարներն էին, որոնք այստեղ բերեցին իրենց նյութական կարողություններն ու գիտելիքները՝ տնտեսական, ֆինանսական:

«Սակայն, ցավոք, նախորդ իշխանությունների կողմից հալածանք սկսվեց մեր կուսակցության դեմ: ՌԱԿ-ի ներսում առկա տարաձայնությունները միտումնավոր վերածվեցին, իբրև թե, սկզբունքային հակասության, ու ներկայացվեց որպես ՌԱԿ ներկուսակցական պայքար, մինչդեռ իրականում գործ ունեինք կուսակցության ոչ համահավասար «բաժանման» հետ, երբ մի կողմում բուն կուսակցությունն է՝ դա մենք ենք, մյուսում՝ մի փոքր հատված: Բայց նրանք էլ մեր գաղափարակից ընկերներն են, և մեր դուռը բաց է նրանց առաջ: Ցավոք, երկար ժամանակ վատնեցինք երկրորդական հարցերի շուրջ»,-նկատեց Գույումջյանն ու հավելեց, չնայած այդ դժվարություններին, ՌԱԿ-ը շարունակեց իր հայանպաստ աշխատանքը: Այս տարիներին Հայաստանի տարբեր մարզերում ՌԱԿ-ը հիմնել է մեկ տասնյակից ավելի կենտրոններ, իրականացրել երիտասարդական, մշակութային, սպորտային տարբեր միջոցառումներ:

«Կատարված աշխատանքները ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին, ասացինք՝ ուզում ենք առավել նպաստել Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, առավել ամրացնել այդ կապերը: Իսկ դրա համար հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական հարթության մեջ, մանավանդ, որ ապագայում ունենք երկու տասնյակից ավելի ծրագրեր, որոնք պետք է փորձենք կյանքի կոչել հայրենիքում»:

Հրաչ Գույումջյանը Նիկոլ Փաշինյանին ասել է նաև հետևյալը. «Ձեզ ճանաչում եմ միայն ձեր կողմից հնչեցվող հայտարարություններով, ձեր խոսքերով: Մենք տեսնում ենք, որ դրանք մեծ հույսեր են ներշնչել մեր ժողովրդին, տեսնում ենք, որ դուք ուզում եք նախկինում կատարված սխալները սրբագրել: Ժամանակն է սրբագրելու նաև ՌԱԿ-ի հանդեպ եղած նախկին թյուր վերաբերմունքը, քանի որ նախկին որոշ պետական պաշտոնատար անձանց կողմից ՌԱԿ-ի հանդեպ մենք տեսանք թշնամանք, բայց մեր գործը շարունակեցինք անել: Նիկոլ Փաշինյանին ասացինք՝ դուք խոսում եք ժողովրդի անունից, իսկ մենք այդ ժողովրդի մի մասնիկն ենք՝ ուրեմն, պետք է սրբագրվի նախկինների սխալը մեր հանդեպ, որպեսզի կարողանանք մեր աշխատանքները շարունակել: Դրա համար հարկավոր է, որ ՌԱԿ-ը առավել ակտիվ ներգրավվի քաղաքականության մեջ ու ներկայացված լինի խորհրդարանում»:

Իսկ խորհրդարանում ներկայացված լինելու անհրաժեշտությունը Հրաչ Գույումջյանը բացատրեց այսպես. «Եթե դուք ուզում եք մի գործ ձեռնարկել, ապա առանց պետական օղակների օժանդակությանա դա շատ ավելի բարդ ու դժվար է լինելու, քան եթե դուք ներկայացված լինեք օրենսդիր մարմնում: Իսկ ՌԱԿ-ը հայրենիքում մեծ աշխատանք ունի անելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ