Մենք մեր ներսում շատ ավելի լավ ընդդիմադիր կլինենք, քան ժողովրդի խնդիրներից անտեղյակ որևէ ուժ. Հրաչյա Հակոբյան

menq-mer-nersoum-sat-aveli-lav-enddimadir-klinenq--qan-joxovrdi-xndirneric-antexyak-oree-ouj-hracya-hakobyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, կանխատեսելի՞ էր Ձեզ համար արտահերթ ընտրությունների արդյունքը, մասնավորապես այն, որ անցողիկ շեմը կհաղթահարեն միայն երեք քաղաքական ուժ: «Իմ քայլը» դաշինքին՝ որպես հաղթանակած ուժ, բավարարո՞ւմ են ընտրությունների արդյունքները:

-Ընտրությունների արդյունքները մեզ բավարարում են այնքանով, որքանով մենք վստահ ենք, որ այս ընտրությունները չեն կեղծվել, և այժմ խորհրդարանը արտահայտում է ժողովրդի կամքը: Այս ուժերին ժողովուրդն է ընտրել՝ իր ազատ կամարտահայտմամբ, այնպես որ, մենք գոհ ենք թե՛ մեր գրանցած արդյունքներից, թե՛ ընդհանրապես ընտրություններից: Ինչպիսի արդյունքներ էլ լինեին, մենք գոհ կլինեինք, որովհետև դա ժողովրդի ազատ կամարտահայտումն է, ժողովուրդն է ընտրել:

-Խորհրդարան անցած մյուս երկու ուժերին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Բարգավաճ Հայաստանին» դուք տեսնո՞ւմ եք որպես իրական ընդդիմություն՝ հաշվի առնելով, որ նրանք այս ընթացքում հանդես են եկել որպես հեղափոխության աջակիցներ:

-Ընդդիմության հետ կապված նշեմ, որ միանշանակ խորհրդարանում տեսնում եմ ընդդիմադիր ուժ՝ դա «Լուսավոր Հայաստանն» է: Ես բազմիցս ասել եմ, որ մենք մեր ներսում շատ ավելի լավ ընդդիմադիր կլինենք, քան ժողովրդի խնդիրներից անտեղյակ որևէ ուժ, որն իրեն ընդդիմադիր է համարում:

-Որպես ընդդիմություն առանձնացնում եք ԼՀԿ-ին, որի հետ եղել եք նույն դաշինքում, առաջնորդվել նույն ծրագրերով: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի իշխանություն-ընդդիմություն շփման դաշտում:

-«Լուսավոր Հայաստանի» հետ նույն դաշինքում եղած ժամանակահատվածում էլ մեր միջև եղել են տարաձայնություններ, և դրանց մասին հանրությունն իմացել է, որ մենք նույն դաշինքում ենք, բայց ունենք տարաձայնություններ: Այնպես որ, եթե մենք դաշինք եղած ժամանակ ենք իրար ընդդիմացել, ապա ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ իշխանություն և ոչ իշխանություն դաշտում խնդիրներ լինեն:

-Քարոզարշավի ընթացքում միայն Հանրապետական կուսակցությունն էր հանդես գալիս ռադիկալ ընդդիմության դաշտում, սակայն չհաղթահարեց անցողիկ շեմը: Հիմա էլ ՀՀԿ-ն հայտարարում է, որ արտախորհրդարանական դաշտում կլինի լուրջ ընդդիմություն: Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին:

-Արտախորհրդարանական դաշտում ոչ միայն Հանրապետականը, այլ շատ այլ ընդդիմադիր ուժեր կարող են լինել: Բայց եթե Հանրապետականը ուզում է լինել արտախորհրդարանական լուրջ ընդդիմություն, նախևառաջ պետք է երկար տարիներ առերեսվի ժողովրդի հետ, շփվի մարդկանց հետ, տեղյակ լինի նրանց խնդիրներից, հետո նոր սկսի ձևավորվել որպես ընդդիմություն: Այնպես որ, թող դեռ սկսեն որպես ընդդիմություն ձևավորվելու պրոցեսը:

Բայց նշեմ, որ կա արտախորհրդարանական մեկ այլ ուժ, որին տեսնում եմ արտախորհրդարանական ընդդիմության դաշտում: Դա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է: Նրանք, իրոք, ժողովրդի խնդիրներից տեղյակ, մեզ հետ պայքարած երիտասարդ ընդդիմադիր ուժ են, և կարող են լուրջ ընդդիմություն ձևավորել: Եվ ընդհանրապես, կլինեն շատ ընդդիմություններ: Հանրապետականը թող չասի, թե միակ ընդդիմությունը ինքը կարող է լինել, որովհետև ոչ միայն միակը չի կարող լինել, այլ դեռ պետք է աճի որպես ընդդիմություն:

-Այսօրվանից Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանրահավաքներ և պիկետներ են նախաձեռնում Երևանում: Ըստ ձեզ՝ դրանք կարո՞ղ են վերաճել քաղաքական շարժման և հանգեցնել ընդդիմադիր նոր բևեռի ձևավորման:

-Ես ուզում եմ, որ սկսվեն այդ հանրահավաքները, որպեսզի տեսնեմ դրանց մասնակիցներին: Ուզում եմ նաև տեսնել, այն քաղաքացիների զարմացած հայացքները, ովքեր ականատես կլինեն ի պաշտպանություն Քոչարյանի անցկացվող հանրահավաքների: Շատերը 2008-ին կերազեին այն օրվա մասին, երբ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի բանտում, պատասխանատվություն կկրի իր արածների համար: Այնպես որ, թող այդ գործընթացը սկսվի, հետո նոր կգնահատենք: Թեև չեմ կարծում, թե դա քաղաքական կլինի կամ կվերածվի քաղաքական պրոցեսի:

-Շատերն են նշում, որ դեկտեմբերի 9-ին հեղափոխությունն ավարտվեց և սկսվեց իրական քաղաքականության փուլը: Այս փուլում ձեր քաղաքական ուժի հիմնական անելիքը և առաջնահերթությունը ո՞րն է լինելու խորհրդարանում:

-Հիմնական խնդիրները շատ տարբեր են: Կարծում եմ՝ տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելը կլինի առաջնահերթություն, որպեսզի տնտեսությունը զարգանա: Ինչպես նաև, առաջնային խնդիրներից մեկը կլինի Արցախի անվտանգությունը: Այնպես որ, խորհրդարանը կաշխատի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ:

-Իսկ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություն պատրաստվո՞ւմ եք իրականացնել:

-Ընտրական օրենսգիրքը, կարծում եմ, այնուամենայնիվ, փոփոխության կենթարկվի, իսկ Սահմանադրության հետ կապված ոչինչ ասել չեմ կարող:

-Ձեր քաղաքական ուժը նշում էր, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետություն է սահմանում: Այժմ, երբ դուք եք իշխանություն, արդյոք, չե՞ք պատրաստվում այս հարցին լուծում տալ:

-Սահմանադրության հետ կապված ոչինչ չեմ կարող ասել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ