Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

am
menq-ounenq-ankotroum-vjrakanoutyoun-araj-mxelou-joxovrdavaroutyounn-ou-barepoxoumnere-mer-erkroum-pasinyani-elouyte-mak-oum

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված. 

«Պարոն նախագահ,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար աջակցությունը Ձեզ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

Ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել 73-րդ նստաշրջանի նախագահ տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսային՝ ակտիվ նախագահության և մեզ ավանդված արժեքավոր ժառանգության համար:

Սա իմ երկրորդ հնարավորությունն է՝ ներկայացնելու իմ երկիրն այս բարձրագույն մարմնում՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ վերջին հայտարարությունից ի վեր մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին շուրջ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները չվիճարկվեցին որևէ քաղաքական կուսակցության կողմից: Դրանք լավագույն գնահատականն ստացան միջազգային դիտորդների կողմից, ովքեր ողջունեցին ընտրությունները որպես ազատ, արդար և թափանցիկ: Դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության կարեւորագույն նվաճումներրից էր:

Անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ-ները Հայաստանն անվանեցին համաշխարհային ժողովրդավարության հույս: Ի գիտություն ընդունելով մեր ժողովրդավարական նվաճումները՝ The Economist-ը Հայաստանը հռչակեց տարվա երկիր:

Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում: Այն հիմնված է մեր ժողովրդի ծանրակշիռ մանդատի վրա, որին մենք պատասխանատու ենք բարեփոխումներ իրականացնելու, արդարության ապահովման, տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման և մեր ազգի զարգացման գործում:

Ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության քաղաքականությանը: Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին և ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի եւ սեփականության վերաբաշխում:

Մեր ԶԼՄ-ները լիովին զերծ են կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին՝ կեղծ լուրեր հորինելով և հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման և նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է:

Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի և նպատակների վերաբերյալ: Ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության ետևում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել:

Այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական և քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսևորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում:

Քաղաքական վերափոխումները միտված էին ազատ, ժողովրդավարական և երջանիկ երկիր ունենալու երազանքի իրականացմանը՝ երազանք, որը ծնվել էր 80-ականների վերջին՝ Սառը պատերազմի մայրամուտին և անկախություն բերել մեր ժողովրդին:

Տիկնայք եւ պարոնայք,

հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ժամանակակից աշխարհում հնարավոր են ժողովրդավարական փոփոխություններ: Բայց հեղափոխությունը մեր առաքելության սկիզբն էր միայն և թերեւս՝ դրա ամենադյուրին փուլը: Ներկայում մենք գտնվում ենք առաքելության մեկ այլ, առավել կարևոր և դժվարին փուլում: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարական վերափոխումը Հայաստանում անշրջելի է:

Մենք հպարտ ենք, որ արդեն իսկ ունենք որոշակի արդյունքներ: Մեր տնտեսությունն աճում է կայուն և բավական արագ: Աճին նպաստեց մեր երկրում տեղի ունեցած շատ կարևոր գաղափարական փոխակերպումը: Յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքն ունի նշանակություն. այս գաղափարը մեր տնտեսական հեղափոխության կարևորագույն շարժիչ ուժն է: Եվ մեր կառավարության ամենակարևոր առաքելությունն է ոգեշնչել և համոզել մեր քաղաքացիներին՝ հավատալ իրենց տաղանդին և իրական փոփոխություններ կատարելու կարողությանը։

Անհատական ջանքերը եղել են մեր քաղաքական հեղափոխության հաջողության հիմնական բանաձևը: Հեղափոխությունից առաջ մարդկանց միայն մի փոքր խումբ կար, որոնք հավատում էին, որ անհատական ջանքերը կարող են բերել քաղաքական փոփոխությունների մեր երկրում: Բայց այսօր սա հրամայական գաղափար է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակն է իրականացնել տնտեսական հեղափոխությունը հենց այն նույն ճանապարհով, որով ավելի վաղ կատարվել է քաղաքական հեղափոխությունը:

Բարեփոխումներն ու ինստիտուցիոնալ զարգացումը հզոր գործիքներ են, որ մենք պետք է կիրառենք ժողովրդավարական Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին: Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական և քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի և անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը ևս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Մեր ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենակարևոր ուղղությունը կրթությունն է: Մենք հավատում ենք, որ միայն կրթության խթանման միջոցով մենք կարող ենք ժողովրդավարությունը դարձնել անշրջելի և կարող ենք հասնել կայուն տնտեսական աճի: Մեր տեսլականն է ցմահ կրթությունը դարձնել համազգային գործելակերպ մեր հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից մինչև մեծահասակներ:
Հայաստանի կառավարությունը վճռական է՝ շարունակելու ինստիտուցիոնալ բարեփոխումները, բայց մենք նաև հույս ունենք, որ միջազգային հանրությունը կսատարի Հայաստանի նորաբողբոջ ժողովրդավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մեզ անհրաժեշտ է հասնել միջազգային լավագույն փորձին` ժամանակ և ռեսուրսներ խնայելու առումով: Մենք պետք է խուսափենք այլ նորաստեղծ ժողովրդավարությունների կողմից նախկինում թույլ տրված սխալներից` մեր ժողովրդավարական բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր իսկապես հանձնառու են՝ օժանդակելու մեր բարեփոխումների օրակարգին: Մասնավորապես, մենք երախտապարտ ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին: Ըստ էության, ես նշեցի ՄԱԿ-ը՝ մեր համամոլորակային կազմակերպությունը, որն ընդգրկում է գրեթե ամբողջ միջազգային հանրությունը, և հուսով եմ՝ միջազգային հանրության բոլոր անդամները կցանկանային, որ հայկական ժողովրդավարությունը հաջողի:

Տիկնայք եւ պարոնայք,

ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության:

Պարոն նախագահ,

մեր հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը մեզ շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում: Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության եւ վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ եւ գործընկերային հարաբերություններ:

Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ