Մեր տնտեսական աճի վերաբերյալ նախկինում եղած բոլոր պնդումները եղել ենք ֆեյք պնդումներ. Նիկոլ Փաշինյան

am
mer-tntesakan-aji-veraberyal-naxkinoum-exac-bolor-pndoumnere-exel-enq-feyq-pndoumner-nikol-pasinyan

Հաշվի առնելով վերջին շրջանում տնտեսագետների բարձրաձայնած մտահոգությունները և հունվար-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները՝ կարող ենք ասել, որ մեր վիճակն այդքան էլ լավ չէ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Տիկին Տոնոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խնդրեց, որ եթե կան այդպիսի մտահոգություններ, խոսեն այդ մասին, եթե ոչ՝ գոնե փարատեն դրանք:

Ի պատասխան վերոնշյալի, վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Հունիսին, մենք վերջին տարիների համար աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11 տոկոս, և բնականաբար մեզ հետաքրքրում էր, թե ի՞նչ է եղել, որ այսպես բարձրացել է մեր տնտեսական ակտիվությունը և չենք կարողանում դրա հետևից հասնել: Ի՞նչ պարզվեց՝ պարզվեց, որ այդ ամսում եղել է Աշխարհի ֆուտբոլի առաջնություն, և մենք գնացել են բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել ու արձանագրել ենք 11 տոկոս տնտեսական աճ՝ մենք սա՞ ենք ուզում: Հաջորդը՝ ի՞նչ է տեղի ունենում, տեղի է ունենում հետևյալը՝ Բնապահպանական տեսչությունը ստուգում է Ալավերդու պղնձաձուլարանը և պարզում է, որ օրինակ արտանետումները երկար տարիներ 20 անգամ գերազանցել են նախատեսվածից: Մենք ասում ենք, որ, ժողովուրդ ջան, չի լինի այսպես՝ աշխատատեղը կարևոր է, բայց մարդկանց առողջության վիճակագրություն կա, հո չե՞նք թունավորելու այդ մարդկանց: Հաջորդը՝ Ամուլսարի խնդիրը, մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ մեզ պետք է փաստ և փաստարկ, որ Սևանի համար վտանգներ այդտեղ չկան: Ասում են՝ չկան վտանգներ, հավատացեք մեր խոսքին, հավատացեք մեր փաստաթղթերին: Իմիջայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հավատանք, բայց հիշում եք՝ Թեղուտում ի՞նչ տեղի ունեցավ, այդքան անտառները ոչնչացրինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, և հիմա չգիտենք, թե խնդիրը ո՞նց ենք լուծելու: Նկատի ունեմ, որ տնտեսական անկում ենք ասում, այս տնտեսական համակարգը ո՛չ մի տեղ չի տանում»:

Փաշինյանը նշեց, որ եթե իրենք նախկինի նման ասեն՝ դո՛ւ սա կներկրես, դո՛ւ այսքան հարկ կտաս, դո՛ւ այսինչ բանը կվաճառես, ապա երկրում մենաշնորհը չի վերանա:

«Ասում ենք մենաշնորհներից հրաժարվում ենք չէ՞՝ բա դա իր հետ ճեղք է բերելու, և մենք պետք է վերցնենք այդ ռիսկը և գնանք, որովհետև հակառակ դեպքում կմնանք բուքմեյքերաական գրասենյակին պատանդ, որ ստավկա դնեն, ինչ է թե Ազգային վիճակագրական ծառայությունն ասի, թե մենք 15 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ունենք, մենք էլ ասենք՝ վայ, ինչ լավ է: Մեր տնտեսական աճի վերաբերյալ նախկինում եղած բոլոր պնդումները, եղել ենք ֆեյք պնդումներ, որովհետև մեր տնտեսությունը եղել է հետևյալը՝ մենք մեր ընդերքը քանդել, վաճառել ենք, ասել ենք, թե արտահանում ունենք», -եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ չեն ուզում գնալ այդ ճանապարհով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ