Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Միայն տնտեսական պատժամիջոցներն են ունակ կանգնեցնել Էրդողանին. թուրքագետ

miayn-tntesakan-patjamijocnern-en-ounak-kangnecnel-erdoxanin-tourqaget

Թուրքական զինվոծ ուժերի՝ Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունների պատճառների և հետևանքների վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցել է թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ: 

Թուրքիան արդեն 3-րդ անգամ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է ձեռնարկում. թիրախում են հայտնվում քրդերը: Ստեղծված իրավիճակում ինչպես կարո՞ղ ենք մեկնաբանել Թուրքիայի ագրեսիվության, Իրանի պասիվության, սկզբնական շրջանում Սիրիայի կառավարության չեզոքության, ապա ընդդեմ Թուրքիայի քրդերի հետ միավորվելու պատճառները։

 

Ես կասեի, որ սա վերջին տարիներին Թուրքիայի 5-րդ ռազմական գործողությունն է Սիրիայի տարածքում, պարզապես դրանցից առավել հայտնի են 3-ը՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք»։ Թուրքիային, բնականաբար, մտահոգում էին 2014-2015թթ․ Սիրիայի քրդերի գրանցած հաջողությունները (նրանք դարձան դե-ֆակտո անկախ, սկսեցին վերահսկել երկրի տարածքի ավելի քան 25 տոկոսը), և հիմնականում 2016-ից Թուրքիան անցավ հակահարձակման և աստիճանաբար չեզոքացնում է Սիրիայի քրդերի այդ ձեռքբերումները։ Թուրքիային բնականաբար մտահոգում էին (են), որ Սիրիայի քրդերի այդ հաջողությունները կարող են ոգևորիչ լինել նաև իր քրդերի համար, և հիմա «Խաղաղության ակունքը» հնարավորություն կտա «անվտանգության գոտու» ստեղծմամբ լուրջ սեպ խրել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև, այդ տարածքը բնակեցնել արաբ, թուրքմեն փախստականներով, որոնք կծառայեն որպես հուսալի պատնեշ։ Թուրքիան լուրջ հավակնություններ ունի նաև Եփրատից արևմուտք ընկած սիրիական տարածքների նկատմամբ, դրա համար էլ Եփրատից արևելք ընկած հատվածը նրան անհրաժեշտ է նաև հետագա սակարկությունների համար՝ արևմտյան ափին առնչվող այդ հավակնությունները կյանքի կոչելու համար։ Եվ եթե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն առնվազն դեմ չէին, որ Թուրքիան նոր ռազմական գործողություն սկսեր Եփրատից արևելք ընկած հատվածում, ապա ինչու Թուրքիան չպետք է օգտվի ընձեռված հնարավորությունից։ Չեմ կարծում, թե Իրանը նախապես իրազեկված չի եղել «Խաղաղության ակունք» գործողության մասին, Իրանը պարզապես կցանկանար, որ Սիրիայի քրդերն ավելի շուտ կարողանային ըմբռնել ապագան, նկատի ունեմ՝ թուրքական նոր ներխուժման հնարավորությունը և իրենց վերահսկած տարածքները հանձնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ոչ թե դա սկսեն հապճեպ անել այն բանից հետո, ինչ թուրքական բանակը մտել է Եփրատից արևելք ընկած տարածքներ և սկսում է գրավել կարևոր նշանակության քաղաքներ (Սիրիայի քրդերն այդպիսով ընտրում են իրենց համար «չարյաց փոքրագույնը»՝ Ասա՞դ, թե՞ Էրդողան)։ Որքան էլ որ քրդական հոծ բնակչություն ունեցող Իրանի համար նույնպես ձեռնտու չէին վերջին շրջանում Սիրիայի քրդերի ռազմական, տարածքային հաջողությունները, այնուամենայնիվ, Իրանը ցանկանում էր, որ այդ հաջողությունները չեզոքացվեին Ասադի և ոչ թե Էրդողանի կողմից։ Չնայած վերջին շրջանում Իրանի ու Թուրքիայի տակտիկական մերձեցմանը՝ երկու երկրները շարունակում են մրցակիցներ մնալ տարածաշրջանում ու իսլամական աշխարհում գերակա դիրքերի հասնելու շուրջ։ Այլ կերպ ասած՝ Իրանը չի ցանկանում, որ Թուրքիայի դիրքերն էլ ավելի ամրապնդվեն Սիրիայի հյուսիսում, հաշվի է առնվում նաև այն, որ հեռանկարում չեն նշմարվում նաև Սիրիայի հյուսիսից թուրքական զորքի հեռանալու ուրվագծերը։ Թուրքիան, բնականաբար, ձգտելու է հնարավորինս երկար պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում։

 

Ի՞նչ եք կարծում թուրքական ռազմական գործողությունները տարածաշրջանում կարող են լուրջ վերադասավորումներ առաջացնել:

 

Լուրջ վերադասավորումները կախված են մի քանի «եթե»-ներից։ Եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջովին դուրս է բերում իր զորախումբը Սիրիայից, ապա դա նշանակում է, որ Սիրիայի քրդերի վերահսկած տարածքները Ռուսաստանի (Պուտինի) թույլտվությամբ միմյանց միջև բաժան-բաժան են անելու Ասադն ու Էրդողանը։ Ընդհանրապես, Թրամփը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով, ինչն էլ բարդացնում է կանխատեսումներ անելը (Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրս բերման մասին Թրամփը հայտարարել էր դեռևս 10 ամիս առաջ)։ Դեպքերի նման զարգացումը կնշանակի տարածաշրջանային երեք գերտերությունների՝ ՌԴ, Իրան, Թուրքիա (Աստանայի ձևաչափ) հաղթանակ, քանի որ այդ երկրները համարում են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանային և ոչ թե արտատարածաշրջանային երկրների կողմից։ Եվ ես մտավախություն ունեմ, որ Սիրիայի այս օրինակը ոգևորիչ կլինի այդ երկրների համար, որոնք ավելի ուշ կարող են իրենց ուշադրությունը կենտրոնացնել Հարավային Կովկասի վրա։ Եթե Էրդողանն անցնում է Թրամփի թույլատրելիի չափը և թուրքական զորքը սահմանվածից ավելի առաջ գնա՝ տրվելով գայթակղությանը, ապա ԱՄՆ-ը կարող է լուրջ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Եթե դրանք լինեն տնտեսական բնույթի, ապա շատ լուրջ հետևանքներ կունենան Էրդողանի համար․ երկրում կտրուկ կմեծանա դժգոհությունը նրանից։ Եթե Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանեն նաև ԵՄ-ն ու Արաբական լիգան, ապա այդ ամենն իսկապես կործանարար հետևանքներ կունենա Էրդողանի համար (ըստ ամենայնի՝ այդ դեպքում նա չի կարողանա երկար պահպանել իր իշխանությունը)։ Ես հակված եմ կարծել, որ ԱՄՆ-ում գնալով ուժեղանում է ճնշումը Թրամփի վրա, որը կարող է հանգեցնել Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը (ես վստահ եմ, որ ցանկության դեպքում Թրամփն ի զորու էր կասեցնել թուրքական այս նոր ռազմական գործողությունն ընդհանրապես)։ Առկա տեղեկություններով՝ պատժամիջոցներն առայժմ լինելու են անձնական բնույթի (սահմանվելու են Էրդողանի ու պատասխանատու այլ անձանց հանդեպ)։ Սակայն վստահ եմ, որ ո՛չ Արևմուտքի դատապարտող հայտարարությունները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ ռազմական բեռնարգելքներ կիրառելը, ո՛չ անձնական բնույթի հնարավոր պատժամիջոցներն ի զորու չեն կանգնեցնել Էրդողանին։ Միայն տնտեսական պատժամիջոցներն են ունակ կանգնեցնել Էրդողանին, քանի որ տնտեսությունը Թուրքիայի խոցելի տեղն է և տարիներ շարունակ եղել է Էրդողանի գլխավոր հաղթաթուղթը երկրի ներսում իր և իր կուսակցության տևական հաղթարշավի համար։ Տնտեսական պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել Թուրքիայի տնտեսության վրա՝ թուրքական լիրայի շեշտակի արժեզրկման, ապրանքատեսակների թանկացման, գործազրկության աճի տեսքով, այդ ամենը իրենց մաշկի վրա կզգան միլիոնավոր կամ տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք էլ արդյունքում կարող են դուրս գալ փողոցներ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ