Միգրացիայի թեման հուզում է նաև ՌԱԿ Շիրակի մարզային կառույցին

am es
migraciayi-teman-houzoum-e-nae-rak-siraki-marzayin-karouycin

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի հրավերով հուլիսի 18-ին ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» և «Արագած» ակումբների հյուրերն էին «Լիության տուն» ՀԿ-ի նախագահը և փոխնախագահը՝ իրականացնելու միգրացիայի թեմայով դասընթաց ֆորում-թատրոնը։

 

Ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Հայաստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում  գործընկերության ամրապնդման  միջոցով  աշխատանքային միգրանտների  պաշտպանության խթանում» ծրագրի շրջանակներում։

 

 

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը ներկայացրեց ֆորումի նպատակը՝ նշելով, որ թեման խիստ հրատապ է ու արդիական, և ըստ էության շատ կարևոր է իմանալ միգրանտների իրավունքները։

Տեսասահիկի միջոցով ֆորումի մասնակիցները ծանոթացան, թե որ երկրներում  են հայաստանցի միգրանտները  շատ և հիմնականում ինչ խախտումներ են արվում նրանց իրավունքներում։

 

 

Ֆորում-դասընթացը վարում էր «Լիության տուն» ՀԿ-ի փոխնախագահ Գուրգեն Տարախչյանը՝ ինտերակտիվ կապը պահելով մասնակիցների հետ։ Ընթացքում ՀԿ-ի կամավոր աղջիկները դերասանական բեմադրությունների միջոցով ներկայացնում էին իրավիճակներ, որոնք նկարագրում էին միգրանտների իրավունքների խախտումները և նրանց կողմից հաճախակի թույլ տրվող սխալները և իրավիճակներ, որոնք օրինական են և ճիշտ։ Խաղերի ճիշտն ու սխալն էլ ինտերակտիվ շփումով որոշում էին հենց ֆորումի մասնակիցները։

ՀԿ-ի նախագահ Արմենուհի Խալաթյանի խոսքով, ծրագիրը միտում ունի նվազեցնել հայերի անօրինական միգրացիան տարբեր երկրներում. «Եթե սեմինար-պարապմունքների միջոցով մենք կարողանում ենք տեղեկատվությունը հասցնել մարդկանց, իսկ նրանք էլ կարողանում են խուսափել միգրացիայի անօրինականությունից և իրավախախտումերից, այդ դեպքում մենք կհամարենք, որ մեր աշխատանքը հասել է արդյունքի»,- ասում է նա։

 

 

Միգրանտների կողմից թույլ տրվող սխալներից է, օրինակ, հարկերից խուսափելու համար աշխատանքային պայմանագիր չկնքելը, որն ունի առավել բացասական հետևանք. գործատուն կարող է աշխատավարձ չտալ և հիմնավորել այն հենց պայմանագրի բացակայությամբ։

Բնակարանային, գումարային և փաստաթղթային. սրանք միգրանտների համար հնարավոր խնդիրներ են իրենց իրավունքները չիմանալու դեպքում։

Մասնակիցներին բաժանվեցին թեստային առաջադրանքներ, որոնք վերջիններս  լրացրեցին և ստացան համապատասխան միավորներ: Տրվեցին նաև տեղեկատվական թերթիկներ և այցեքարտ՝ Մոսկվայում անվճար խորհրդատվությունից օգտվելու համար։   

 

 

Ֆորումի ավարտին ՀԿ-ն շնորհակալագիր հանձնեց ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանին՝ ակտիվ համագործակցության համար,  վերջինս էլ ՌԱԿ կառույցի անունից շնորհակալություն հայտնեց «Հայկական Կարիտաս»-ին և «Լիության տուն» ՀԿ-ին՝ ուսանելի ֆորում-թատրոնի անցկացման համար, գրքեր նվիրեց ՀԿ-ին և դերասան-պարմանուհիներին։

Ֆորումն ավարտվեց, բայց մասնակիցները չհեռացան. սկսվեց հետաքրքիր զրույց։ ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» ակումբի անդամ Մերի Տեր-Ավագյանը ներկաների համար ընթերցեց իր բանաստեղծություններից։ Կուսակցության համակիր՝ տողերիս հեղինակը նույնպես ներկայացրեց իր ստեղծագործությունները։ Իսկ ասմունքողներ Հռիփսիմե Սերոբյանը, Լիլյա Ադամյանը, Կարինե Գալստյանը և Աննա Հակոբյանը կարդացին Հովհաննես Թումանյանի գործերից՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։

 

 

 

Աստղիկ Խաչատրյան

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ

Լրահոս

Նմանատիպ նորություններ