Միջազգային վարկը երկրների ստրկացման ոչ ռազմական մեխանիզմ է. տնտեսագետ

am
mijazgayin-varke-erkrneri-strkacman-oc-razmakan-mexanizm-e-tntesaget

Երկրների ֆինանսական ստրկացումը իրականացվում է հատուկ մշակված գործիքների և հնարքների միջոցով: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Առաջին. երկրի տրամադրվում է վարկ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, իբրև թե, տնտեսության զարգացման համար, սակայն հետո այդ վարկի միջոցները, բանկային համակարգի միջոցով, տեղաբաշխվում են նույն երկրում գործող օտարերկրյա կազմակերպություններին, որոնք օգտագործելով այդ միջոցները` ապահովում են շահույթ: Այնուհետև, օգտվելով տվյալ երկրի լիբերալ ներդրումային օրենսդրության ընձեռած հնարավորություններից` իրականացնում են կապիտալի արտահանում դեպի իրենց ռեզիդենտության երկիր: Արդյունքում հարստանում են օտարերկրյա կազմակերպությունները, իսկ վարկերը մարում է «իքս» երկրի կառավարությունը:

Երկրորդ. երկրին տրամադրվում է վարկ ոչ թե տնտեսության զարգացման, այլև, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դեմոկրատական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման, կրոնական և այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և այլ ոչ եկամտաբեր ուղղություններով ծախսելու համար: Հետո այդ վարկի գումարները որպես վարձատրություն տրվում են միջազգային խորհրդատվական կազմակերպություններին, որոնք սովորեցնում են տվյալ վարկառու երկրի կառավարությանը, թե ինչպես լինել ժողովրդավար, լիբերալ, և այլն և այլն: Արդյունքում` հարստանում են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները, իսկ վարկերը մարում է վարկառու երկրի կառավարությունը:

Երրորդ. Վարկավորում են տվյալ երկրի կոռումպացված կառավարությանը, ընդ որում, վարկավորող միջազգային ֆինանսական կազմակերպությունները շատ լավ գիտեն, որ այդ պաշտոնյաները յուրացնելու են պետական բյուջե մտած վարկային միջոցները: Արդյունքում` հարստանում է երկրի հանցագործ էլիտան, սրվում է սոցիալական լարվածությունը, երկիրն աղքատանում է (վարկերի սպասարկման վրա ծախսվող միջոցների աճի պատճառով), իսկ վարկերը մարվում են պետական բյուջեի հաշվին:

Վերոնշյալ և այլ նմանատիպ գործիքակազմերի ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկերը օգտագործվում են ոչ թե տնտեսության իրական հատվածի զարգացման համար, այլ ներդրվում այնպիսի ոլորտներում, որոնք պետական եկամուտների աճ չեն ապահովելու:

Ընդ որում, վարկային միջոցները իսկապես կարող են ներդրվել տնտեսության մեջ, բայց այդ ներդրման արդյունքում ստացված շահույթը չի բաշխվում բնակչությանը, այլ կենտրոնանում է օտարերկրյա ներդրողի, օլիգարխիկ խմբերի ձեռքին` հետագայում արտահանվելով երկրից: Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը իրականացնում է «իքս» երկրի ազգայի հարստության հափշտակություն:

Սրան նպաստում է այն հանգամանքը, որ, օրինակ, ՀՀ-ի պես երկրները` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով, խիստ ազատականացնում են հարկային համակարգը` օտարերկրյա ներդրողներին գրեթե ազատելով հարկերից, ինչի արդյունքում հարստանում է ոչ թե պետական բյուջեն, այլ օտարերկրյա ներդրողը:

Ցանկացած ձեռներեց լավ գիտի, որ ներգրավված բիզնես վարկը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործի, կապիտալ ներդրումներ կատարի, զարգացնի տեխնիկական բազան` որպեսզի մեծացնի արտադրության ծավալները, ստանա ավելի շատ շահույթ: Հակառակ դեպքում նա, պարզապես, ի վիճակի չի լինի մարել ներգրավված վարկերը և կսնանկանա: Նույնը կարող է տեղի ունենալ այն երկրների հետ, որոնք ոչ արդյունավետ են օգտագործում ներգրավված վարկերը:

Երբ «իքս» երկիրը խայծը կուլ է տալիս և սկսում է պարբերաբար օգտվել միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերից, նրա վարկային բեռը աստիճանաբար աճում է, ու քանի որ տնտեսությունն այդ վարկերից ոչինչ չի շահում, որոշ ժամանակ անց երկիրն այլևս անընդունակ է դառնում ինքնուրույն մարել ներգրավված վարկերը, և ստիպված է լինում հին վարկերը մարելու համար նոր վարկերը վերցնել նույն միջազգային ֆինանսական կազմակերպություններից` արդյունքում դառնալով նրանց ֆինանսական ստրուկը:

Տարոն Սիմոնյան

տնտեսագիտության թեկնածու

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ