Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ի՞նչն է արագիլների անկման պատճառը. մինչ այժմ փորձաքննության արդյունքները չկան

mince-hima-porcaqnnoutyan-ardyounqnere-ckan--te-konkret-orn-e-aragilneri-ankman-patjare

Ո՞րն է արագիլների անկման պատճառը և ի՞նչ վտանգներ կարող են լինել: Հարցերի պատասխանները մինչև հիմա համապատասխան գերատեսչությունները չեն տվել, որովհետև փորձաքննության արդյունքները դեռևս չկան:

Անդրադառնալով խնդրին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը ներկայացրեց խնդրի նախաբանը, քանի որ ըստ մեր զրուցակցի՝ այս օրերին խնդրի հետ կապված տեղեկատվությունը ոչ միշտ է ճիշտ ներկայացվում. «Դեռ 2017 թվականին մենք՝ Civil voice և  Թռչնասերների կազմակերպությունները, արագիլների անկման մասին ահազանգ էին ստացել: Այն ժամանակ մենք գնացինք ու արագիլների դիեր հայտնաբերեցինք Արարատի մարզի Դալարիկ և Հովատաշատ գյուղերում: Այդ ժամանակ մենք մի քանի նամակ հղեցինք տարբեր գերատեսչությունների՝ առողջապահության նախարարությանը, նախկինում բնապահպանության նախարարությանը, տեսչական մարմնին, ՍԱՊԾ-ին, նշելով, որ մասսայական անկում է տեղի ունենում: Ոչ ոք չարձագանքեց: Մենք հետազոտեցինք, և պարզվեց, որ այն ժամանակ էլ արագիլների անկումը եղել է փետուրների վրա յուղի առկայության պատճառով»:

Արդեն այս տարի, ինչպես նշում է բնապահպանը, ահազանգ են ստացել 10 օր առաջ՝ կրկին Արարատի մարզից. «Ահազանգից հետո մենք, իհարկե, գնացել ենք և հրապարակել ենք այն մասին, որ ըստ մեզ՝ թռչունները կեղտոտված են, և հենց այդ ճարպային մասի պատճառով է, որ չեն կարողանում թռչել: Մենք նաև նայել ենք թռչունների ջրանքերը, որոնց մեջ, տեղի բնակիչների  փոխանցմամբ, մի քանի օր առաջ մեջ թափոններ են եղել՝ պարկերով մորթված խոզի գլուխ, ոտքեր, որովայնի մասեր, որոնք ջուրն արդեն տարել է»:

Մեր զրուցակցի խոսքով, իրենց ահազանգած բնակիչը, նախքան բնապահպանների հետ կապ հաստատելը, դիմել է նաև տեսչական մարմին, շրջակա միջավայրի նախարարություն, բայց նրան ասել են, որ դա իրենց գործը չէ. «Տեսչական մարմինը միայն հետո, երբ տեսավ, որ իրավիճակը վերահսկողությունից կարող է դուրս գալ, դիմեց Գիտությունների ակադեմիա՝ Կենդանաբանության ինստիտուտ, և հարցը որոշակի ուղղվածություն ստացավ՝ ինչ պետք է արվի: Տեսչական մարմնի կողմից անալիզ է արվել, փորձում են պարզել, թե որտեղից է գալիս խնդիրը, սակայն դեռ ոչինչ չի պարզվել: Մենք սպասում ենք տեսչական մարմնի փորձաքննությանը»:

Ադամյանը նաև հավելում է, որ Արարատի մարզի դեպքից հետո Արմաշից էլ են ահազանգ ստացել. այնտեղ ևս նույն վիճակն է. «Հիմա տեսչական մարմինը գոնե արձագանքեց, հնարավոր է  ինչ-որ ժամանակ արտանետումներ չլինեն, բայց մեկ է, մենք պետք է հետքերով գնանք ու պարզենք մեղավորներին, որովհետև սա քրեական պատասխանատվության հարց է»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ