Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Մինսկի խումբը խախտել է իր մանդատը՝ Արցախին դուրս թողնելով բանակցություններից. Մանվել Սարգսյան

minski-xoumbe-xaxtel-e-ir-mandate-arcaxin-dours-toxnelov-banakcoutyounneric-manvel-sargsyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

-Նիկոլ Փաշինյանը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն, այլ առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի ձևավորման ժամանակ Ղարաբաղի ներկայացուցիչները հրավիրվել են որպես շահագրգիռ կողմ: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը: Սա կարո՞ղ ենք ընդունել որպես հետագա բանակցությունների կազմակերպման վերաբերյալ Հայաստանի վարչապետի դիրքորոշում:

-Էական է, որ արդեն կոնկրետանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները: Մինսկի խումբը, փաստորեն, իր աշխատանքի ընթացքում գնացել է քայլերի՝ խախտելով իր մանդատը: Այդ բոլոր արգումենտները, փաստաթղթերը կան և կարծում եմ՝ առաջիկայում կհրապարակվեն: Երբ 1992 թվականին Մինսկի խումբը, այն ժամանակ` Մինսկի կոնֆերանսի նախագահները, սկսեցին աշխատանքը, շատ մեծ ջանքեր էին թափում, մեծ նամակագրություն և բազմաթիվ հանդիումներ են եղել, որ Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն անպայման պետք է մասնակցեն բանակցություններին: Նրանք նույնիսկ պնդում էին, որ սխալ է, եթե Հայաստանը ներկայացնի ԼՂ-ի շահերը: Այնքան մեծ գործ են արել ու այնքան փաստարկներ կան, որ առանց Լեռնային Ղարաբաղի այդ կոնֆերանսը չէր կարող առաջ գնալ: Իսկ հիմա փոխվել են ժամանակները, և չգիտես ինչու՝ դուրս են թողել Լեռնային Ղարաբաղը բանակցություններից՝ փաստացի խախտելով մանդատը: Իրենք իրավունք չունեին դա թույլ տալու, սակայն թույլ են տվել: Ի վերջո Մինսկի խմբում փոխվել են տասնյակ համանախագահներ, բայց ինչն է նրանց միացնում՝ մանդատը:

Հիմա խնդիր պետք է դնել և ասել՝ վերականգնեք այդ մանդատը, որ հնարավոր լինեն բանակցությունները: Սա պարզ բան է: Նիկոլ Փաշինյանն այդ հարցերն է բարձրացրել, իրավունքների և պատասխանտվության չափանիշ սահմանելու խնդիր դրել:

-Վարչապետն ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ Կազանի, Վիեննայի և մյուս հանդիպումները տարբեր մասնակիցներ տարբեր ձև են ներկայացնում, և նա չի կարողանում հասկանալ՝ իրականում ինչ է եղել դրանց ժամանակ: Նաև կրկնեց, որ բանակցությունների հիմք հանդիսացող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանման անհրաժեշտություն կա: Ստացվում է՝ ՀՀ վարչապետն արձանագրում է, որ տարիների ընթացքում բանակցությունները սխալ հունով են գնացել, և բազմաթիվ անճշտություններ կան:

-Այս տարիներին բանակցությունների մասնակից կողմերը մանդատից դուրս որոշումներ են ընդունել, և, փաստորեն, լղոզել են իրավիճակը: Հիմա պետք է հստակեցնել՝ ո՞վ, ի՞նչ իրավունք ունի, ի՞նչ պատասխանատվություն ունի, դա շատ էական խնդիր է: Տպավորություն է, որ ոչ ոք չէր ուզում այդ հարցին անդրադառնար, բոլորն ուզում էին այսպես լղոզված վիճակում խոսել, որ, օրինակ, Ադրբեջանը գար և ընդամենն ասեր՝ ինձ միայն տարածքներ են պետք և վերջ, Միսնկի խումբն էլ ասեր՝ սա կարելի է, սա չի կարելի: Այդ ժամանակները վերջացել են, այդ լղոզված վիճակը, անպատասխանատու և աննպատակ բանակցություններն են բերել 2016 թվականի ապրիլյան պատերազմին:

Ադրբեջանն, օգտվելով այդ լղոզված վիճակից, ինքն իրեն անընդհատ ինչ–որ իրավունքներ է վերագրում: Հիմա իմաստը ո՞րն էր նույն կերպ շարունակելու նման բանակցությունները: Դրա համար պետք է հստակեցնել բոլոր հարցերը, որ հնարավոր լինի բանակցությունների շարունակությունը:

-Այսինքն, այսքան տարիներ բանակցություններ են ընթացել զուտ բանակցելու համա՞ր:

-Իհարկե: Ես չգիտեմ հայկական կողմն ինչո՞ւ է բանակցել՝ փրկելո՞ւ իրավիճակը, թե՞ ենթարկվելով միջազգային թելադրանքին: Հայկական կողմն անընդհատ ցանկացած իրավունքներից հրաժարվել է: Մեր դիվանագիտական պատմությունը իրավունքներից հրաժարվելու պատմություն է: Վերջին էլ այն էր, որ նախորդ իշխանությունները մինչև հեռանալը հրաժարվեցին Վիեննայի պայմանավորվածությունից, դրա պարտադրանքից: Ալիևն էլ, փաստորեն, օգտվում է դրանից: Պետք է փոխել ընդհանուր մոտեցումը:

Ես հիմա տեսնում եմ, որ տրամադրվածություն կա մարդկանց մի քիչ պատասխանտվության հրավիրելու, ամեն մեկին ասելու՝ դուք ինչի՞ց ելնելով ունեք այդ դիրքորոշումը: Հիմա, օրինակ, ինչի՞ց ելնելով է Մինսկի խումը անթույլատրելի համարում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, եթե այն ժամանակ՝ 1992 թվականին, իրենց «ճղում» էին, պարտադրում էին, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, ասում էին՝ առանց ձեզ հնարավոր չի: Իսկ հիմա բանակցություններից դուրս են թողել Արցախին և ասում են՝ անհնար է: Վաղն էլ ասելու են՝ ամոթ է: Ես հիշում եմ նախկին դեսպան Բրայզայի ձևակերպումը, թե՝ «արդար չի Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին»: Հիմա Հայաստանը փորձում է կանգնեցնել այդ պրոցեսը, մի քիչ լրջացնել գործընթացը:

-Արցախի հարցում արտաքին զարգացումներից բացի այս օրերին ներքին զարգացումներ են ընթանում: Օրինակ, «Սասնա Ծռերը» հայտարարեցին, թե ցանկանում են իրավական գործընթաց սկսել՝ Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու համար: Մյուս կողմից էլ Սամվել Բաբայանը հայտարարում է, թե Ռուսաստանին պետք է տալ Արցախի հարցի կարգավորման մանդատը: Ի՞նչ հայտարություններ են սրանք, և ի՞նչ կարելի է սպասել այս զարգացումներից:

-Այդ հայտարարություններն ինձ չեն հետաքրքրում: Այն, ինչ լուրջ է, դուք հարցրել եք, ես պատասխանել եմ: Իսկ թե մեկն այսպես է ասել, մեկն՝ այնպես, ինձ բացարձակ հետաքրքիր չեն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ