Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Միրզա Դինային` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

am
mirza-dinayin-2019t-avrora-mrcanaki-dapnekir

Այսօր  «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ
դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության
համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային,
հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ
Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի
ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել
«Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։
«Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի
երախտագիտություն նրանց փրկողների։ 
«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝
տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են եւ ծանր տառապանքներ են
կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել
փորձելիս, անհատը կարող է բախվել նաեւ մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված
բազում վտանգները,  սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորությամբ շնորհավորում եմ
նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ եւ ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», -
նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության
նախագահ Թոմ Քաթինան։ 
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի
պարգեւ, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն
ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք
կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն եւ վերականգնողական ծառայություններ են
տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ
կազմակերպություններն են.
 «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպություն («Օդային կամուրջ Իրաք»)
 «ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)
 «Շայ» հիմնադրամ (Shai Fund)
Խոսելով դափնեկրի մասին` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող
հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասաց. «Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն
աջակցում է նրանց, ովքեր հանուն ուրիշների վտանգի են ենթարկում ամեն ինչ եւ բացառիկ
խիզախություն ցուցաբերում օրհասական իրավիճակում։ Միրզա Դինային դրա կատարյալ օրինակն է։
Նա կարեկցանքի, անձնական նվիրումի, անպաշտպանին պաշտպանելու ցանկության մարմնավորումն
է։ Որպես «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ես անչափ

հպարտ եմ, որ մեր ընդհանուր տեսլականն օգնել է բացահայտել եւ աշխարհին ներկայացնել Միրզա
Դինայիի գործունեությունը»։ 
Գործելով հանուն եզդի համայնքի՝ Միրզա Դինային ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմի
զոհերի փրկության, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից կանանց եւ
երեխաների տարհանման, ինչպես նաեւ կտտանքների ու չարաշահումների ենթարկվածների
աջակցության գործին։ Դինային էր, որ Գերմանիա հասցրեց Սախարովի մրցանակի ապագա դափնեկիր
Լամյա Հաջի Բաշարին, որը ներկայումս մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ է, եւ ում անունով
կոչվում է «Ավրորայի» կրթաթոշակներից մեկը։ 
2019թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկրին մեծարելու եւ երեւանյան առաջին «Ավրորա» ֆորումին
մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական համայնքի բազմաթիվ
հեղինակավոր ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց
թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին
նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային
ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո
Սեդիլյոն, ինչպես նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների
ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին։ 
«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականավոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի
ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ եւ միսիոներ Թոմ Քաթինան
(2017) եւ ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։ 
«Հանուն մարդկայնության զարթոնքի «Ավրորա» մրցանակի անունն ինքնին արդեն պարունակում է
այս բացառիկ մրցանակի կարեւորագույն ուղերձը։ Հենց հիմա աշխարհը կարիք է զգում, որ
մարդկությունը ոտքի ելնի, ինչպես դա արել է Միրզա Դինային՝ բացառիկ մի անհատ, որի անօրինակ
խիզախությունն ու անձնվիրությունը մեծ պատիվ են իր ժողովրդի համար։ Ամեն ինչ ռիսկի
ենթարկելով՝ նա փորձում է փրկել կանանց եւ երեխաներին, որոնք ամենից շատ են տառապում
հակամարտության պայմաններում»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն։ 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաեւ 2019թ. «Ավրորա»
մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին եւ
Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն
Զանա Բուքար Մուսթաֆային, ինչպես նաեւ տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգեւ:
2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2019թ.
հոկտեմբերի 14-ից մինչեւ 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում, որն
աշխարհի տարբեր կողմերից իր հարկ է հավաքել աշխարհի առաջատար փորձագետների` գիտելիք,
մտքեր եւ գաղափարներ փոխանակելու համար, որոնք միասին կարող են էական փոփոխություն բերել
աշխարհում: Ֆորումն իր հեռահար օրակարգով եւ գործընկերների միասնական հանձնառությամբ

կառաջարկի համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացում
ապահովելու ուղիներ:
***
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը
վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ
մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ
կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն
նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց
ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն
այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ
աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝
«Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության
ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական
նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն
Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր
աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական
գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն
աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների
կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives
հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Լրահոս

Նմանատիպ նորություններ