Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Միրզոյանի սկանդալային հայտարարությունն ու փաստերի բացակայությունը. ի՞նչ խնդիր էր լուծում փոխվարչապետը

mirzoyani-skandalayin-haytararoutyounn-ou-pasteri-bacakayoutyoune-inc-xndir-er-loucoum-poxvarcapete

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գործադիրում իր աշխատանքի վերջին օրը սենսացիոն հայտարարություն արեց: Կառավարության նիստի ընթացքում նա հայտարարեց, թե Հայաստանում որդեգրման գործընթացի ոլորտում գործ ունենք մաֆիայի հետ և հավելեց, որ այս ամիսների ընթացքում փորձել է կծիկը քանդել, թվացել է՝ հասել է բացահայտման, բայց վերջնարդյունք չի կարողացել գրանցել։

«Մենք գործ ունենք ցավալի դեպքի հետ, այդ թվում՝ երեխաների օրգանների վաճառքի։ Մենք արդարադատության նախարարի հետ ենք խոսել, այց է կատարվել, ստուգվել, մինչև այս պահը եղածը իսկապես գոհացուցիչ է, որ ոչ մի վատ դեպք չի բացահայտվել։ Կասկած կա, որ երեք ուղղութամբ են երեխաներ որդեգրում արտասահման և այդ երկրները հայտնի են նաև այդ վատ առումով»,- ասաց Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետի այս հայտարարությանն արձագանքեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու ՀՀ գլխավոր դատախազը՝ նշելով, որ Հայաստանում երբևէ չի գրանցվել նման դեպք:

Միրզոյանի հայտարարությունն իր բովանդակությամբ ծանր հանցագործության վերաբերյալ հաղորդագրություն է, սակայն փոխվարչապետը չի բերում որևէ փաստ, այլ միայն հղում տալիս «օդում կախված ինչ-որ լուրերի»: Ավելին՝ և՛ վարչապետը, և՛ ուժային կառույցների ղեկավարներն անակնկալի են գալիս փոխվարչապետի հայտարարությունից: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հավաստիացնում է, որ նման դեպք երբևէ չի եղել, որդեգրման գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, և իրենք տիրապետում են ամբողջ ինֆորմացիային:

Առնվազն տարօրինակ է այն, որ Միրզոյանը հայտարարում է, թե ամիսներ շարունակ փորձել է բացել այդ կծիկը, կասկածներ է ունեցել որդեգրված երեխաների օրգանների հնարավոր վաճառքի վերաբերյալ և տեղյակ չի պահել պատկան մարմիններին: Միայն նշում է, թե զրուցել է Արդարադատության նախարարի հետ, որն էլ, ի դեպ, կառավարության նիստի ընթացքում չի հաստատում նման դեպքի հնարավորությունը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արարատ Միրզոյանն այսպիսի հայտարարություն անում որպես փոխվարչապետ իր աշխատանքային վերջին օրը, երբ ժամեր անց ստանալու է պատգամավորական մանդատ և անցնելու խորհրդարանական աշխատանքի: Արդյո՞ք սա «աչքի ընկնելու» և անցած ամիսների իր աշխատանքը ինչ-որ կերպ արժևորելու փորձ չէ, թե՞ իրոք ոլորտում առկա է այդպիսի խնդիր, որի մասին դեռևս լռում են կառավարության անդամները:

Միրզոյանի հայտարարության հետքերով մենք մի փոքր ուսումնասիրություն իրականացրինք և պարզեցինք, որ գործող օրենսդրության ու միջազգային համաձայագրերի պահանջով՝ Հայաստանը խիստ ընթացակարգեր է սահմանել օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համար: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որ որդեգրման երկարատև ու ժամանակատար ընթացակարգերից հետո 5 տարի շարունակ որդեգրող երկրի հետ միասին վերահսկում է այդ երեխաների հետագա կյանքը։ Որդեգրող երկրների կենտրոնական մարմինները Հայաստան են ուղարկում մանրամասն հաշվետվություն երեխայի առողջական վիճակի և կյանքի պայմանների մասին:

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ օտարերկրացիները Հայաստանում որդեգրում են հիմնականում առողջական խնդիրներ ունեցող երեխաների, թեև սրա մասին պաշտոնական վիճակագրություն հնարավոր չեղավ գտնել:

Խնդրի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը պաշտոնական հարցումով դիմել է ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որն իրականացնում է որդեգրման բնագավառում Հայաստանի կենտրոնական մարմնի գործառույթը: Պաշտոնական պատասխանը ստանալուց հետո մենք այն առանձին հրապարակմամբ կներկայացնենք մեր ընթերցողներին:

Մենք նաև փորձեցինք տեղեկություններ ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն նախարարի և նրա մամուլի խոսնակի բացակայության պայմաններում (հիշեցնենք, որ նախարար Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել) այդպես էլ հնարավոր չեղավ տեղեկություններ ստանալ խնդրի վերաբերյալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ