Մնացականյանը ԵՄ-ն համարում է կայուն գործընկեր Հայաստանի համար

am es
mnacakanyane-em-n-hamaroum-e-kayoun-gorcenker-hayastani-hamar

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրամիությանը համարում է Հայաստանի համար շատ կայուն գործընկեր:  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասաց Գյումրիում լրագրողների հետ զրույցում:

«ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման  ճանապարհային քարտեզն արդեն ունենք, ունենք ձևավորված մեխանիզմը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովում։ Գործնական առումով մտել ենք այն փուլը, որում արդեն դիտարկում ենք իրականացումը: Իրականացումը վերաբերվում է թե որոշ մոտարկումների, ստանդարտների, թե համագործակցության, որոնք բխում են պայմանագրից:  Մենք ունենք բավականին լայն օրակարգ: ԵՄ-ն շատ կայուն և շատ ներգրավված գործընկեր է Հայաստանի համար: Եվ որևէ խնդիր չենք ունեցել իրենց հետ»,-ասաց Մնացականյանը:

Խոսելով ԵՄ-ից ստացվող աջակցության մասին՝ նախարարը նշեց՝ դրա արտահայտությունն ունեցել ենք արդեն այս տարի: Գրեթե կրկնակի ավելացել է ԵՄ-ի կողմից աջակցության ծավալը՝ կազմելով 65 մլն եվրո, և դեռ շարունակվում է: Նախարարը նշեց՝ դա շատ լավ է, ինքը բավարարված է:

Անդրադառնալով եվրոպական հանձնաժողովի հարևանության, ընդլայնման և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցին՝ Մնացականյանն ասաց՝ նա մեկն է բազմաթիվ այն գործընկերներից, որոնց հետ աշխատում են: «Բոլոր մեր գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մշտական, շարունակական երկխոսություն ունենք: Մատերնովայի հետ երկխոսության հիմնական հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես ենք մենք շարունակելու այն գործնական քայլերը, որոնք վերաբերում են համաձայնագրի իրականացմանը»,-նշեց նախարարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ