Մտահոգիչ զարգացումներ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ

mtahogic-zargacoumner-polsi-hayoc-patriarqi-entroutyounneri-sourj

Պոլսի հայոց պատրիարքի աթոռը ավելի քան կես տարի թափուր է: Համայնքը՝ անմիաբան: Պատճառը մեծամասնության վստահությունը և անվերապահ աջակցությունը վայելող հոգևոր առաջնորդի բացակայությունն է: Նկատենք, որ այս անհաշտ ու անմիաբան մթնոլորտի ձևավորման վրա իրենց չարամիտ ազդեցությունը ունեն թուրքական իշխանությունները: Վերջիններս վարչական լծակների կիրառմամբ արել և անում են ամեն ինչ՝ համայնքի ցանկությունը առ ոչինչ դարձնելու ու պետության պարտադրանքը թելադրելու համար: Հասկանալի է, որ թուրքական իշխանությունները պատրիարքական աթոռին ուզում են կարգել կանխատեսելի և կառավարելի անձնավորության: Այլ հարց է, որ ազգային փոքրամասնության կրոնական գործերին միջամտելու և ճնշումներ գործադրելու արատավոր պրակտիկան վաղուց անբաժան է թուրքական պետության գործելաոճից:

Նախօրեին Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Պոլսի հայոց պատրիարքարան է ուղարկվել պատրիարքի ընտրության վերաբերյալ ներքին գործերի նախարարության նոր կանոնագիրը: Այդ փաստաթուղթը, ըստ էության, հրահանգավորում է, թե ովքեր, ինչ պայմաններում և ինչպես կարող են առաջադրվել Կ. Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու: Պոլսահայ շրջանակներում արդեն կա դժգոհություն, քանի որ նոր կանոնագիրը որոշակի սահմանափակումներ է դնում պատրիարքի թեկնածու առաջադրվելու հարցում: Թուրքիայից դուրս հոգևոր ծառայության մեջ գտնվող սրբազանները չեն կարող առաջադրվել Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու, քանի որ ըստ կանոնագրի՝ թեկնածու կարող են առաջադրվել միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին։ Սա նշանակում է, որ խորամանկ հաշվարկով պայքարից ինքնաբերաբար դուրս են մղվում Գերմանիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ակնհայտորեն թուրքական պետության հաշվարկները հագնեցրել են այն բանին, որ Հայաստանում և Գերմանիայում ապրող վերոնշյալ հոգևորականները անցանկալի կերպարներ են, ու կանոնադրական հնարքներով փորձ է արվել ազատվել նրանցից: Նկատենք, որ նախքան այդ կանոնագրի ուղարկումը համայնքային տրամադրությունները հուշում էին, որ պատրիարքական ընտրություններում հաղթելու հավանականություն ունի Սեպուհ սրբազանը: Բայց հիմա արդեն առաջ քաշած նոր կանոնադրական կետով Սեպուհ սրբազանի մասնակցության հավանականությունը հավասարեցվեց զրոյի:

Արդյունքում մնում է այդ պահանջներին ու պայմաններին համապատասխան երկու թեկնածու՝ կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Փաստորեն, հայ համայնքին պարտադրվում է ընտրություն նշյալ երկուսի միջև միայն: Մինչդեռ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի ընտրություններին մասնակցել ու ընտրվել  են նաև արտասահմանում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է պետական մարմնի այս խորամանկ քայլին և կոչ արել հայրենակիցներին իրենց բողոքը հայտնել այդ կանոնագրի պարտադրած նոր պայմանի դեմ, քանի որ դրանցով, ըստ նրա, փաստացի ոտնահարվում են թեկնածուների պատրիարքական իրավունքները:

Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված նախաձեռնակ մարմնի անդամները սեպտեմբերի 25-ին որոշել են արտահերթ ժողով գումարել և կանոնագիրը խորապես ուսումնասիրելուց ու քննարկելուց հետո  իրենց դիրքորոշումը հստակեցնեն: Բացի այդ կրոնական ժողով պիտի գումարի նաև Մաշալյանը և քիչ սպասելի է, որ թուրքական պետության ուղարկած կանոնագրին դեմ դիրքորոշում կհայտնվի: Ենթադրելի է, որ պոլսահայ համայնքը բողոքի գործողությունների չի դիմի ու այդ բողոքի ձայնը կրոնական ժողովը կամ նախաձեռնարկ մարմինը չի փոխանցի ներքին գործերի նախարարությանը: Մոտիվացիան կլինի այն, որ հայ համայնքը թուրքական իշխանությունների հետ առճակատման չի գնա ու խնդիր լուծելու փոխարեն նոր խնդիրներ չստեղծելու մտավախությամբ:

Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված նախաձեռնարկ մարմնի անդամները սեպտեմբերի 25-ին որոշել են արտահերթ ժողով գումարել և կանոնագիրը խորապես ուսումնասիրելուց ու քննարկելուց հետո  իրենց դիրքորոշումը հստակեցնել: Բացի այդ կրոնական ժողով պիտի գումարի Մաշալյանը: Քիչ սպասելի է, որ թուրքական պետության թելադրած կանոնագրին ընդդիմացող դիրքորոշում կհայտնվի: Ենթադրելի է, որ պոլսահայ համայնքը բողոքի լայնածավալ գործողությունների չի դիմի կամ համայնքի բողոքի ձայնը կրոնական ժողովը կամ նախաձեռնակ մարմինը չի փոխանցի ներքին գործերի նախարարությանը: Մոտիվացիան կլինի հետևյալը. զերծ պահել հայ համայնքին թուրքական իշխանությունների հետ առճակատման գնալուց`խնդիրը լուծելու փոխարեն նոր խնդիրներ չստեղծելու մտավախությամբ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ