Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Մտորումներ պրագմատիկ աշխարհի մասին կամ ինչպես տիկին Կոնյունկտուրան հասավ իր նպատակին

mtoroumner-pragmatik-asxarhi-masin-kam-incpes-tikin-konyounktouran-hasav-ir-npatakin

Մարդկության պատմության ընթացքում ամեն մի նոր սերունդ տարբերվել է նախորդից: Այդ տարբերությունները վերաբերում են գիտելիքներին, աշխարհայացքին, մտածելակերպին, նիստ ու կացին, նույնիսկ արտաքին տեսքին: Բայց առաջին հերթին՝ աշխարհի նորոգվող կանոններին հարմարվելուն:

«Սա ամենևին պատահական չէ և տեղավորվում է Աստծո մտահաղացումների մեջ»՝ հավանաբար կասեն հավատացյալ մարդիկ՝ համապատասխան մեջբերումներ անելով «Աստվածաշնչից» և միանշանակ իրավացի կլինեն:

«Սա ընդամենը դիալեկտիկա է, անդադար շարժում և զարգացում՝ ցածրից դեպի բարձրը, պարզից դեպի բարդը»՝ կառարկեն մատերիալիզմի կողմնակիցները և, հավանաբար, նույնպես շատ չեն սխալվի:

Մի բան անհերքելի է՝ անկախ մեր կարծիքներից, ցանկություններից և այլ սուբյեկտիվ գործոններից, աշխարհը սրընթաց զարգանում է: Այն օր օրի դառնում է ավելի պրագմատիկ, և հետևաբար ավելի անկանխատեսելի: Այս պարագայում թատերաբեմն ամբողջությամբ զավթել է մի քմահաճ ու երբեք հավատարմությամբ աչքի չընկած տիկին, որի անունն է Կոնյունկտուրա: Նախկին անունը, նորին կանդրադառնամ մի փոքր ուշ:

Ո՛չ, նա ամենևին նոր դեմք չէ մեր մեջ: Մարդկության գոյության բոլոր տարիներին նա միշտ գտնվել է ուշադրության կենտրոնում, ջանալով ընդգծել իր կարևոր դերը՝ իր բարեհաճության դիմաց պահանջելով, որպեսզի իրեն համարեն ազնվազարմ օրիորդ: Սակայն մարդիկ, չնայած, որ միշտ զգուշացել են նրանից, հաճոյախոսություններ ընծայել և ժպտացել դեմքին, ոմանք էլ՝ հանձնվել նրա քմահաճույքներին, միևնույն ժամանակ երբեք չեն ընդունել, ինչպես իրենց հավասարի:

Ցավոք, դա արդեն մնացել է անցյալում: Եթե դեռ 40-50 տարի առաջ նա աշխատանքային կամ գործնական հարաբերություններից այն կողմ տեղ չուներ, ապա այսօր այդ տիկնոջ աստեղային ժամն է: Նա ամենուր է՝ ներթափանցելով մարդկանց ներքնաշխարհ և հարմարավետ տեղավորվելով այնտեղ: Այսօր նա նաև հասել է իր գլխավոր նպատակին՝ տգեղ Կոնյունկտուրա անունը փոխարինելով Կորպորատիվ շահ ազնվական տիտղոսով: 

Նրանց, ովքեր կփորձեն ասածիս մեջ քաղաքական ենթատեքստեր տեսնել, առավել ևս տեղափոխել դրանք այսօրվա հայաստանյան իրողությունների հարթություն, միանգամից ասեմ՝ դա խիստ թերի և ըստ էության սխալ մոտեցում կլինի: Այս ամենը շատ ավելի խորն է, և հարցն այստեղ միայն քաղաքականությունը չէ:

Պարզապես պետք է ինքներս մեզ չխաբենք և ընդունենք որպես իրողություն այն փաստը, որ շրջապատի հետ մարդկային հարաբերությունները, մեր անձնական շփումները սկսեցինք պայմանավորել ոչ թե սեփական զգացմունքներով, այլ սույն քմահաճ տիկնոջը հաճոյանալով և նրա կարիքները բավարարելով: Այս իրողությանը հարմարվեցինք բոլորս՝ մի փոքր ավել կամ պակաս: Իսկ խաղաքարտերի նման բաժանումը չի ենթադրում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են խիղճը, բարոյականությունը, պարտքի զգացումը, հայրենիքը: Դրանք այլևս հնացել են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ