Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Նա սուր հայացքներով հետաքրքիր մարդ էր. Էդվարդ Միլիտոնյանը՝ Սիլվա Կապուտիկյանի մասին

na-sour-hayacqnerov-hetaqrqir-mard-er-edvard-militonyane-silva-kapoutikyani-masin

Այսօր լրանում է մեծանուն հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը: Բանաստեղծուհու գործունեության, հայացքների ու քաղաքացիական դիրքորոշման մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:

«Մենք երկար տարիներ ճանաչել ենք իրար, միասին շատ ենք ճանապարհորդել, եղել ենք Մոսկվայում, այլ քաղաքներում, նաև Հայաստանի շատ գյուղեր ու շրջաններ ենք միասին գնացել: Բոլոր այդ հանդիպումների ժամանակ ես տեսել եմ մարդկանց վերաբերմունքը նրա նկատմամբ: Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր բանաստեղծ էր, հատկապես, իր կյանքի վերջին 30 տարիների ընթացքում իր քաղաքացիական կեցվածքով, հայրենասիրությամբ բավականին ակտիվ էր»,- ասում է Էդվարդ Միլիտոնյանը և հիշում, թե ինչպես էր Սիլվա Կապուտիկյանն օգտագործում բոլոր հնարավորությունները՝ իր խոսքը բարձրաձայնելու համար:

«Նա մշտապես տարբեր հանդիպումների, հարցազրույցների ժամանակ խոսում էր իրեն անհանգստացնող թեմաների մասին: Այն ժամանակ սոցիալական ցանցեր չկային, թերթերն էլ որոշակի ուղղվածություն ունեին և տարբեր սոցիալական հարցեր դժվար էր բարձրացնել, հասցնել մամուլին, բայց Սիլվա Կապուտիկյանն անդրադառնում էր տարբեր թեմաների: Իր պոեզիայում չէ, բայց զրույցներում շատ էր անդրադառնում և մշտապես սուր, հետաքրքիր հարցեր էր բարձրացնում»,- ասում է գրողների միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնայնը նաև նկատում է՝ նրա սիրային բանաստեղծություններն ավելի շատ տարածված էին դրսում, քան Հայաստանում. «Նրա քնարական, սիրային բանաստեղծությունները, հատկապես, Ռուսաստանում էին շատ կարդում, ռուս աղջիկները դրանք անգիր էին անում: Հետո այդ բանաստեղծությունները նաև երգերի խոսքեր դարձան ու շատ սիրվեցին»:

Ինչ վերաբերում է Սիլվա Կապուտիկյանի քաղաքական հայացքներին և հարաբերություններին, մասնավորաբար, ՀՀ առաջին իշխանությունների հետ (հայտնի է. որ Սիլվա Կապուտիկյանը քննադատաբար էր վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետորսյանի իրականացրած քաղաքականությանը, ինչի համար վերջինս արշավ էր սկսել հայ բանաստեղծուհու դեմ (-հեղ.), պարոն Միլիտոնյանը նշում է. «Այո, Սիլվա Կապուտիկյանն ուներ իսկական քաղաքացու կեցվածք, և ամեն հարցի հետ կապված իր կարծիքը հայտնում էր, բայց իմ կարծիքով՝ նա երբևէ չգնահատված չի եղել: Նրան միշտ գնահատել են` և' Հայաստանում նրա հատորները մշտապես տպագրվել են, և' ես չգիտեմ, որ նա իր որևէ կարծիքի համար հալածանքի ենթարկված լիներ: Ճիշտ է՝ նա ներշնչված էր ճշմարտախոսությամբ, միշտ էլ նրանից սպասում էին, որ մի հետաքրքիր և ցանկալի բան կասի: Կապուտիկյանն, իրապես, սուր հայացքներով օժտված, հետաքրքիր մարդ էր»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ