Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Նախագահ Սարգսյանն ընդունել է Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը

am es
naxagah-sargsyann-endounel-e-arcaxi-barekamneri-hamajoxovi-patvirakoutyane

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: Խոսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակը Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ և շնորհակալություն հայտնել հյուրերին ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործունեության համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապված է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում եք, հանդիպել եմ հայերի, որոնք, հատկապես Մեծ եղեռնից հետո, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լավ քաղաքացիներ: Ի դեմս Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի՝ դուք ունեք լավ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,-նշել է նախագահը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց արցախյան համաժողովում:

Հանդիպմանը ներկա՝ համաժողովի պատվիրակները նշել են, որ իրենց միավորում է հիացմունքն ու սերը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս շարունակել ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ