«Նիկոլի քվեաթերթիկը» կամ ինչ հրահանգ է իջեցվել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին. «Փաստ»

am
nikoli-qveatertike-kam-inc-hrahang-e-ijecvel-im-qayle-dasinqi-teknacounerin-past

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով: Հարցն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց անկարեւոր է, թե տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից ով ինչքան ձայն կհավաքի. առաջնայինը դաշինքի ստացած տոկոսներն են:

Մյուս կողմից, նա հիանալի գիտակցում է, որ նշյալ թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը ինքնուրույն հազիվ թե շոշափելի քվեներ ստանա, իսկ դա կարող է մեծապես նվազեցնել դաշինքի ստացած տոկոսները, եւ որ իրենց հաջողության միակ գրավականը իր անձն է:

Ուստի, մեր տեղեկություններով, հրահանգված է բոլորին՝ իրենց քարոզարշավն անցկացնել բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան միջոցով: Մեխանիզմը հետեւյալն է. ընտրողներին ուղղակի տեղեկացնել, որ «Նիկոլի քվեաթերթիկը» թիվ այսինչն է, միայն դրանից հետո հավելել, որ երկրորդ էջում նշումի տեղ կա, եթե նեղություն չէ, մի նշան դրեք այնտեղ այս կամ այն թեկնածուի օգտին:

Ավելին, մեր տեղեկություններով, դաշինքի կենտրոնական շտաբում հետեւելու են բոլոր թեկնածուների ամեն մի քայլին, ամեն մի շարժին, ամեն մի խոսքին: Տարածքային թեկնածուներին նաեւ հրահանգված է նախընտրական քարոզչական բուկլետների մեջ անպայման զետեղել Նիկոլ Փաշինյանի նկարը՝ եթե ոչ առաջին էջում՝ թեկնածուի նկարի հետ, ապա առնվազն հաջորդ իսկ էջի ամենավերեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ