Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

am en
nyou-yorqoum-kayacel-e-hayastani-e-adrbejani-ag-naxararneri-handipoume

Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: 

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորեց զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվեց նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Կողմերը նախանշեցին այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ