Օպերայի մերձակայքում սրճարաններ ունեցող տնտեսվարողներին առաջարկվում է հրաժարվել տրամադրված հողամասերից

am
operayi-mercakayqoum-srjaranner-ounecox-tntesvaroxnerin-arajarkvoum-ehrajarvel-tramadrvac-hoxamaseric

ՀԱՅ ՁԱՅՆ-ը երեկ անդրադարձավ այն խնդրին, որ Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի քանդելու Օպերայի մերձակայքում գտնվող սրճարանները: ՀԱՅ ՁԱՅՆ-ը միաժամանակ երևանցիներից հետաքրքրվել էր, թե նրանք ինչպե՞ս են վերաբերվում այս նախաձեռնությանը: Կարծիքները տարբեր են՝ թե՛ կողմ, թե՛ դեմ: Տես՝ տեսանյութը:

Իսկ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է հիշյալ խնդրին, և գրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանը սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը:

«Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից»,- նշում է Հակոբ Կարապետյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:

«Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը, պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, եւ նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում: Նշածս տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը»,-նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ