Օպերայի տարածքը պետք է դառնա շատ մշակութային ու ազգային՝ ազատվելով ամեն տեսակ զվարճանքի վայրերից. Նարինե Թուխիկյան

operayi-taracqe-petq-e-darna-sat-msakoutayin-ou-azgayin-azatvelov-amen-tesak-zvarjanqi-vayreric-narine-touxikyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն անդրադարձել է այն խնդրին, որ Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի քանդելու Օպերայի մերձակայքում գտնվող սրճարանները: Մեր լրագրողական թիմը միաժամանակ երևանցիներից հետաքրքրվել է, թե նրանք ինչպե՞ս են վերաբերվում այս նախաձեռնությանը:

Նախօրեին էլ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանը սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթաց: «Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից։ Նշված տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը»,- ասել էր նա:

Դեռևս նախորդ տարի ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Օպերայի տարածքը մաքրելու մասին բարձրաձայնել էր Երևանի ավագանու անդամ Նարինե Թուխիկյանը։ Մա, մասնավորապես ասել էր. «Ինձ համար շատ հրատապ հարց է Օպերայի տարածքն «ախտահանելը»: Ախտահանել բատուտներից ու հեծանիվներից, արևածաղկի ու պոպկորնի վաճառքի կետերից: Երեխաներից գողացել են այգիները և նրանց ստիպում են Օպերայի բակում բատուտի վրա թռչկոտել: Բայց չէ՞ որ Օպերան ոչ միայն ճարտարապետական առումով է գլուխգործոց, այլ նաև բովանդակություն ունի: Ազգային օպերային թատրոնի շուրջը պետք է շատ կիրթ միջավայր լինի: Այդ ողջ տարածքը վայրենավարի բաժանել են, տվել ուրիշների, մարդիկ էլ փող են ծախսել ու սրճարաններ բացել: Հիմա ինչին մոտենում ես՝ բախվում ես ինչ-որ մեկի սեփականության իրավունքին: Սակայն ճանապարհներ պետք է գտնել Օպերայի այդ հատվածն առանձնացնելու՝ ծաղիկներով, բույսերով, թփերով կամ չգիտեմ ինչպես, սակայն այն պետք է մնա շատ մշակութային, շատ ազգային մի տարածք»։

Այսօր արդեն ԱԺ պատգամավոր ընտրված Նարինե Թուխիկյանի հետ մենք անդրադարձանք ձեռնարկված քայլերին։ Նա նշեց, որ առաջնային հարցրից մեկը, որ նա ներկայացրել էր Երևանի քաղաքապետարանի Մշակույթի ու կրթության հանձնաժողովին, այն էր, որ երևանյան մշակութային հասցեներում որոշակի շրջագիծ հաստատվի, որից ներս չի թույլատրվի որևէ միջամտություն՝ լինի դա շինարարություն, գովազդի տեղադրում, ավոկայանատեղի կամ որևէ այլ բան։

«Ես օրինակ էի բերել հենց Ազատութան հրապարակը, որտեղ կանգնած է մեր ճարտարապետական գոհարը՝ Օպերային թատրոնի շենքը։ Ինչպես նախկինում արդեն նշել եմ՝ անթույլատրելի է օպերային թատրոնի բակում ամեն տեսակ զվարճանքի վայրերի ստեղծումը, արևածաղկի սերմի վաճառքի կետերը, անշուշտ նաև սրճարանները, որ ամբողջության աղճատել էին տարածքը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այս խնդրին, աշխատանքներ տարվում են, ինչը շատ ուրախալի է։ Մենք պետք է օրինակ դառնանք, որ մարդիկ հասկանան՝ հանրային տարածքում չի կարելի այսինչ կամ այնինչ բանն անել, որ մարդիկ քաղաքին վեարբերվեն ինչպես իրենց տանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նարինե Թուխիկյանը նշեց, որ հաջորդը պետք է լինի Հանրապետության հրապարակը, որովհետև այն վիճակում, որ գտնվում է մեր երկրի գլխավոր հրապարակը, անթույլատրելի է. «Հրապարակը դեպի Քոբուլեթի կամ Կրասնադար գնացող ավտոբուսների կայանատեղի է դարձել, շատ փնթի վիճակ է, ինչը հարիր չէ մեր քաղաքին։ Հրապարակը ևս պետք է ազատվի այն ամենից, ինչը խաթարում է նրա տեսքն ու արժեքը։ Այդ քայլերը պետք է հետզհետե իրականացվեն, քանի որ մարդկանց շահերի հետ են կապված, սակայն դրանց իրականացումն անհրաժետություն է»։

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը նաև հետաքրքրվեց, թե խորհրդարանական աշխատանքի անցնելուց հետո տիկին Թուխիկյանն ի՞նչ ծրագրեր ունի այս և այլ խնդիրների լուծման համար։ «Օրենսդրական առաջարկություններ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ, սակայն դա նաև թիմային աշխատանք է և պետք է քննարկումներ անել։ Արդեն իսկ նախաձեռնվել են մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն հեշտացնելու մշակութային կառույցների կյանքը հեշտանա։ Օրենքներ են մշակվում թատրանի, կինոյի, թանգարանների մասին, որոնք, կարծում եմ, հրատապության կարգով կբերվեն Ազգային ժողով»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ