Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Օրբելյան իշխանների «Կոտրած» քարավանատունը

am
orbelyan-isxanneri-karoucac-kotrac-qaravanatoune

Օրբելյան իշխանների օրոք կառուցված քարավանատունը (1319թ.) գտնվում է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք: Այն եռանավ, թաղածածկ, նախասրահով շինություն է՝ մուտքն արևելքից: Սրբատաշ բազալտով կառուցված քարավանատունը իր ճարտարապետական հորինվածքով նման է Սելիմի քարավանատանը: Հիմնականում պահպանվել է քարավանատան արևելյան հատվածը: Շինության մուտքի ճակատին պահպանվել է խիստ վնասված արձանագրություն, որտեղ նշվում են կառուցման թվականը և Օրբելյան Բեշքեն իշխանի անունը. «Ի ԹՎ: ՉԿԸ: ԵՍ ԻՇԽԱՆ ՕՐՊԵԼ ԲԷՇՔԵՆ…»:

Հուշարձանն, անտարակույս, ունի պատմական կարևոր նշանակություն: Նրա տեղադրության դիրքը պարզ է դարձնում Նախիջևանից կամ Արարատյան դաշտավայրից Ծղուկ և Հաբանդ գավառների տարածքների վրայով դեպի Արցախ ու Պարտավ տանող առևտրական հին ճանապարհների ուղղությունը: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն Հարժիսի քարավանատնից մոտ 1 կմ արևմուտք՝ Գորիս-Նախիջևան հին ճանապարհին պահպանված երեք ուղեցույց-քարերը, որոնց բարձրությունը հասնում է 1.5-2 մ /ցից քարեր, պետ. ցուցիչներ՝ 8.56.16.1, 8.56.14 և 8.56.15/: Ամենայն հավանականությամբ քարերը կանգնեցվել են ճանապարհի վտանգավոր հատվածներում՝ ձյան կամ փոթորիկի ժամանակ ճանապարհի ուղղությունը չկորցնելու համար: Քարավանատունը գտնվել է Նախիջևան (Բիչանեկի լեռնանցքով) և Պարտավ տանող (Սելիմի լեռնանցքով) ճանապարհների վրա՝ Սյունիքը կապելով միջազգային տարանցիկ ճանապարհներին:

Հարժիս գյուղը դարեր շարունակ եղել է Տաթևի վանքի սեփականությունը: Սակայն սեփականության այդ իրավունքը ժամանակ առ ժամանակ խախտվել է, որի վերաբերյալ համապատասխան վկայություն ունի Սյունյաց տան պատմիչ Ստ. Օրբելյանը: Առաջին անգամ Հարժիս գյուղը (միջնադարում հիշատակվում է Հարժիք ձևով) Սյունյաց իշխաններից գնել և Տաթևի վանքին է ընծայել Սմբատ Ա Բագրատունի թագավորը՝ 906 թվականին: Հետագայում գյուղին վերստին տիրել են Սյունյաց իշխանական տան ներկայացուցիչները: Ստ. Օրբելյանը նշում է, որ Հարժիքը երկրորդ անգամ Տաթևի վանքին վերադարձրել է Սյունյաց Սմբատ թագավորը: Երրորդ անգամ Սյունյաց գահերեց իշխան Վասակին ենթակա Հասան իշխանն է այն գնել և նվիրել վանքին:

Չորրորդ անգամ Սյունյաց Սենեքերիմ թագավորն է վերադարձնում Հարժիքը, որը վավերացնող կալվածագիրը գրվել է 1091 թվականին: Գյուղը Տաթևի վանքին վերադարձնելու վերջին կալվածագիրը պատկանում է Օրբելյան իշխաններին: 1373 թվականին Տարսայիճ Օրբելյանը գրավոր հաստատել է իր տիրույթներից վեց գյուղ՝ այդ թվում Հարժիքը, Տաթևի վանքին հանձնելու կալվածագիրը:

Համաձայն Գր. Գրիգորյանի` Հարժիսի քարավանատանն էին տեղի ունենում Սյունյաց եպիսկոպոսարանի, մասնավորապես Տաթևի վանքի, առևտրական նշանակության գործարքները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ