Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից, չի կարող երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարել. Էդմոն Մարուքյան

am
oree-xmbakcoutyoun-ankax-mecoutyounic--ci-karox-erkri-qaxaqakan-tiv-mek-dahlijoum-xmbakcoutyan-nist-goumarel-edmon-marouqyan

Ազգային ժողովի դահլիճը նախատեսված է բացառապես նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ քաղաքական մեծամասնությունը երեկ խորհրդարանում խմբակցության նիստ է անցկացրել։ Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել և այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։

Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

Երկրորդ մտահոգությունս առնչվում է ավելի հիմնարար խնդրի. մեր գործընկեր՝ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ։ Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում և միաձուլվում եք գործադիր իշխանության հետ... Սա լուրջ և մտահոգիչ հարց է։

Հորդորում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ մայր օրենք Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»,- գրում է նա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ