Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Որքանո՞վ է Գյումրու պատմական «միջուկը» գրավիչ ներդրողների համար (լուսանկարներ)

orqanov-e-gyoumrou-patmakan-mijouke-gravic-nerdroxneri-hamar-lousankarner

Գյումրու հարստություններից մեկը` «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանը տարածաշրջանում այն եզակիներից է, որտեղ պահպանվել են 19-րդ դարին բնորոշ ճարտարապետական դպրոցի ձեռագիրը կրող շենք-շինությունները, և դրանք այսօր պատմական ու մշակութային լուրջ արժեք են ներկայացնում:

 

Քաղաքի առավել արժեքավոր ճարտարապետական կառույցների թվին կարելի է դասել Ձիթողցյանների, Դրամփյանների, Ծաղիկյանների, Վեքիլյանների եկամտաբեր տները, բաղնիքները, գարեջրի գործարանը, առևտրական ուսումնարանն ու իգական գիմնազիան, Աղաբաբյանների, Մազմանյանների, Գառգալոյանների և այլոց մենատները:

Այսօր այդ առանձնատներից շատերին փլուզման վտանգ է սպառնում, շատերը լքված են սեփականատերերի կողմից, շատերն էլ գրավիչ են դարձել նոր ներդրողի համար:

 

 

Վերջին երկու տարիներին Գյումրու պատմական «միջուկը» բավական շատ հյուրեր ու զբոսաշրջիկներ է հյուրընկալում: Շատերն այստեղ զարմանում են` զգալով պատմության շունչը: Քաղաքի այդ հատվածում աշխուժացել է նաև սպասարկման ոլորտը` սրճարաններ, հյուրատներ ու հուշանվերների փոքրիկ տաղավարներ են բացվել:

Իսկ ներդրողների համար որքանո՞ են գրավիչ պամական քաղաքի նույնչափ պատմական կառույցները.  ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձել է պարզել Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանից:

«Բավական  մեծացել է Գյումրու կենտրոնում գտնվող առանձնատները  գնելու ցանկություն ունեցողների թիվը: Հիմնականում փողոցաշինությունից հետո է նկատվում այդ ակտիվությունը: Գիտեք, հիմա պատմական փողոցներում փողոցաշինական ակտիվ աշխատանքներ են տարվում, և մենք տեղեկատվություն ունենք, որ հիմնականում գնորդները ՌԴ-ից ու ԱՄՆ-ից են: Շինթույլտվության ժամանակ արդեն փաստաթղթերը գալիս են քաղաքապետարան և, ըստ վիճակագրական տվյալների, կարող ենք արձանագրել, որ բավականին ուրախալի է առաջացած  հետաքրքրվածությունը»,- նշում է Առաքելյանը:

 

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի ճշտող հարցին, թե տները վաճառող գյումրեցիներն արտագաղթո՞ւմ են, մնո՞ւմ են քաղաքում, թե՞ տեղափոխվում են այլ բնակության հասցե, Սոնա Առաքելյանը պատասխանեց, որ այդպիսի տվյալների չեն տիրապետում, սեփականության իրավունքը անհատ քաղաքացիներին է, նրանք էլ որոշում են՝ ինչպե՞ս իրացնել այդ իրավունքը:

Հատկանշական է, որ արդեն վաճառված է հայտնի նախկին «Գյումրի» ռեստորանի շենքը, որն այս պահին փլուզման վտանգի առջև է կանգնած: Շինությունը 1880-1900 թթ. կառույց է, հայտնի Դրամփյանների առանձնատներից մեկն է եղել: Այն սև տուֆից կառուցված գեղեցիկ ու համաչափ տուն է, ծառայել է տարբեր նպատակների համար` որպես բնակելի տուն և վարձակալության համար։ Հատկանշական է նաև, որ շենքը մի քանի փուլերով է կառուցվել։

 

 

 

Գյումրեցիները այն կոչել են «Բարի լույսի տուն» կամ գյումրվա բարբառով` «բարի լսի» շենք այն պատճառով, որ շենքի հյուսիսային ճակատին պատկերված են արթնանալուց հետո առաջինն օգտագործվող պարագաները՝ հայելի և սրբիչ հիշեցնող մեդալյոնները: Ունի շքեղ փայտյա զարդանախշված ծածկապատշգամբով շրջափակված դասական ներքին բակ։ Երկար տարիներ այստեղ գործել է «Գյումրի» ռեստորանը, որի խաչվող թաղերով կամարակապ սրահները Ստալինյան բռնությունների տարիներին ծառայել են որպես ՊԱԿ-ի կալանատուն։

Գյումրիում այսօրինակ հարուստ պատմությամբ կառույցներն անթիվ են, սակայն դրանք փրկության, խնամքի և գեղեցիկ ներկայացվելու իրենց հերթին են սպասում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ