Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Որքանո՞վ է իրատեսական ազատ տնտեսական գոտին Շիրակի տնտեսության աշխուժացման համար

orqanov-e-iratesakan-azat-tntesakan-gotin-siraki-tntesoutyan-asxoujacman-hamar

Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը հնարավորություն կտա ներդրողների ներգրավել, ստեղծել աշխատատեղեր, նպաստել մարզի զարգացմանը։

Այս նորությանը Գյումրիում հիացմունքով արձագանքեցին:  Քանի դեռ հարցի իրական էությանը խոր հայացք չի նետվում և չի դիտարկվում, թե այն ի՞նչ կտա մարզին ու քաղաքին, բոլորն են բավականին դրական արտահայտվում:  

«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայությունների կարևոր հանգույց:  Ազատ տնտեսական գոտին տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի և մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները»,-  ասել է  Խաչատրյանը։

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձել է պարզել, թե այն ինչ կտա Գյումրուն, որքան հեռանկարային են այն հայտարարությունները, թե 13 հազար աշխատատեղ կստեղծվի, ազատ գոտին կներառի 319 հա տարածք և այլն: Տնտեսագիտության թենածու, դոցենտ Արտակ Առաքելյանը մեզ հետ զրույցում նախ  բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում այն. «Տնտեսական գոտիների ստեղծումը նպատակ ունի ստեղծելու հատուկ հարկային և մաքսային ռեժիմ,  ինչպես նաև գրանցման և այլն` քիչ փաստաթղթային շրջանառություն ստեղծող ընթացակարգերի ստեղծում, որը պարարտ հող կստեղծի բիզնեսի համար ավելի արագ սկսել և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Սա իրականում արվում է երկրի այն հատվածում, որը խոցելի է, այս պայմաններում պետությունը իրավական առումով արտոնյալ ռեժիմ է ստեղծում»:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի այն դիտարկմանը, թե ազատ տնտեսական գոտուց ե՞րբ շոշափելի արդյունքներ կունենանք՝ հաշվի առնելով երկրում առկա նախադեպը՝ օրինակ` Մեղրու ազատ տնտեսական գոտին: Առաքելյանը նկատում է, որ տնտեսությունը մեկ ամբողջական համակարգ է, և երկրի մի հատվածին արտոնյալ պայմաններ տալ և սպասել, թե արագ զարգացում կլինի, սխալ մոտեցում է: «Մենք այս պահին ենթակառուցվածքների լուրջ խնդիր ունենք` խոսքը տրանսպորտի մասին է: Մեր բոլոր հիմնական ճանապարհներն այս պահին գտնվում են շատ ծանր վիճակում, ցավոք, Հյուսիս-հարավը նախաձեռնվեց և դեռևս  կիսատ է, ինչն էլ բերեց առավել վատացման, քան նախկինում էր: Շիրակի մարզում ազատ տնտեսական գոտի ունենալ, բայց չունենալ դուրս եկող տրանսպորտային բարձր զարգացած ենթակառուցվածք և այլն, արդեն չեզոքացնում է հարկային կամ մաքսային արտոնությունները: Մտածել, որ միայն ազատ տնտեսական գոտի ստեղծենք և մոտ ապագայում կամ մի փոքր հետո երաշխավորված արդյունք կլինի, այնքան էլ ճիշտ չէ: Այսինքն, տնտեսությունը շատ նուրբ է, համակարգային մոտեցում է սիրում, տնտեսական արտոնություններ տալ, բայց պիտի ենթակառուցվածքները զարգանան, պետք է մարքեթինգ արվի դրսում, պետք է խթանել, որպեսզի այդ արտադրանքը գնա դուրս, այսնիքն, շուկաներ  պիտի փնտրել»,-բացատրում է տնտեսագետը:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ազատ տնտեսական գոտին վերաբերում է էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայություններին, եթե այո, ապա որքանո՞վ այն հեռանկարային կլինի Շիրակի մարզի համար: Տնտեսագետը բացատրում է.  «Այդ արտոնությունը Երևանում էլ կարելի է տալ, քանի որ էլեկտրոնային առևտուրը Շիրակի մարզի համար բնական առավելություն չէ, որ միայն մերն է և  մի փոքր էլ պետք է խթանել: Ինֆորմացիոն հատվածն անհայրենիք է, դա վիրտուալ աշխարհ է, ընկերությունները կարող են այստեղ գրանցվել, բայց  գործունեություն ծավալել մեկ այլ վայրում և օրինական ձևով շրջանցել հարկերից և օգուտներ ունենալ»:

Էլեկտրոնային առևտուրը, ինֆորմացիոն դաշտը Հայաստանում միշտ է արտոնյալ պայմաններում եղել: Տնտեսագետը նկատում է, որ նախկինում էլ  ունեինք լավ գրված օրենքներ, որոնք կիրարկված չէին, այսօր էլ առկա է նույն խնդիրը: Ըստ մեր զրուցակցի՝ առավել գովելի կլիներ, երբ տնտեսական գոտին վերաբերեր առհասարակ մարզի բոլոր տնտեսվարողներին, արագ հնարավորություն տրվեր մասնավոր սեկտորին՝ թոթափելու տարիների ընթացքում կուտակված խնդիրները: Սա, Առաքելյանի խոսքով, հերթական դեկլարատիվ, քաղաքական որոշումն է, որը  չունի մասնագիտական հիմնավորում, նախկինի պրակտիկան է կրկնվում և պարզապես պոպուլիստական գործընթացներն են գերիշխողը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ