Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 95․797․000 դրամի վնաս

am
ostikanoutyan-nor-bacahaytoume-petoutyane-patjarvel-e-sourj-95797000-drami-vnas

 Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները, նրան է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում։

Ըստ այս պահին եղած քննությանը հայտնի տվյալների՝ ընկերությունը նման պայմաններում 2013թ․ մարտից 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։

Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ