Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Օտյանը՝ քաղաքական երգիծաբան

am en
otyane-qaxaqakan-ergicaban

Ե. Օտյանը կոչված էր նոր խոսք ասելու, նոր ակոս բացելու հատկապես մեր քաղաքական երգիծանքի մարզում։ Նա ստեղծագործեց տենգահույզ մի ժամանակաշրջանում, որը հագեցած էր քաղաքական ցնցումներով, ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումներով, տարբեր հասարակական հոսանքների ու կուսակցությունների բուռն բախումներով։ Նրա աչքի առաջ տեղի ունեցան «հայկական հարցի» արյունոտ «լուծումը», ռուսական երեք աշխարհացունց հեղափոխությունները, առաջին իմպերիալիստական արյունահեղ պատերազմը և ապրիլյան ցեղասպանությունը, մեծ Հոկտեմբերի պատմական հաղթանակը և գոյության համար օրհասական անհավասար գո֊տեմարտ մղող հայ ժողովրդի ազգային վերածնունդը։ Ու նա անդրադարձավ բոլոր այդ իրադարձություններին։ Իհարկե, որոշ սահմանափակություն և առանձին հակասություններ կարելի է նկատել նրա հայացքներում։

Սակայն նշանակալիցը սկզբունքային այն պայքարն է, որ երգիծանքի զենքով նա մղում էր սոցիալ-քաղաքական կյանքում իր նկատած «ստության, կեղծիքի, շահագործության, խաբեբայության դեմ» (հատ, 4, էջ 685)։

Ձևակերպելով իր գրական-քաղաքական դավանանքը, նա գրել է. «Մենք մեր գոհացումը պիտի փնտրենք ծաղրելով կամ ձաղկելով, մեր օրվան տրամադրությանը համեմատ, կեղծ փրկիչները, սուտին ճարտարապետները, գողցված համբավները, անշարժ պոռչտողները, հաշվող խանդավառները, անկեղծության աճպարարները, հայրենասիրության ձեռնածուները» (հատ. 1, Էջ 553 — 554)։ Ու այդպես էլ վարվում էր։ Դրա առաջին ցայտուն ապացույցը «Հեղափոխության մակաբույծները» փայլուն պատմվածքների շարքն է (1897—1899)։ Ինչպես պարզ երևում է Օտյանի հուշագրություններիցՏասներկու տարի Պոլսեն դուրս») և ժամանակակիցների ու հետագա բանասերների (Հ. Ճ. Սիրունի, Ա. Մակարյան և ուրիշներ) վկայություններից, երգիծաբանը, նկատի ունենալով իրական դեպքեր ու կենդանի դեմքեր, հանձինս ժամանակի կուսակցական-քաղաքական գործիչների, ծաղրել ու ձաղկել Է «մեր մեջ հեղափոխական շարժումէն ծնած» («Արտասահմանյան գործիչը») այն արկածախնդիր, մակաբույծ, դրամաշորթ տարրերին, որոնք ձևանալով «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», իրականում արատավորում էին հեղափոխության, ազգային ազատության, հայրենասիրության սուրբ գաղափարները։ Դրանցից մեկը ներկայանում է իբրև «մեր անդրանիկ հերոսներէն», շրջում է հայ գաղութներում, որպեսզի հանձին իրեն «ժողովուրդը... տեսնե իր հերոսները և քաջալերվի»։

Մինչդեռ հիասթափություն ու արգահատանք է առաջ բերում ոչ միայն ներքին դատարկությամբ, ապուշության հասնող անհամ, ապաշնորհ, ինքնամեծար ճառերով, այլև արտաքին տեսքով, որը գծված է երգիծական դիմանկարի մեծանուն վարպետ Պարոնյանի հմտությամբ. «Լայն ու երկայն ցցված ականջներով, խոշոր քիթով, հերկեն դարձող հոգնած եզր տարտամ նայվածքով, գլխուն զարկած մեկը» («Որ մենք հերոս…» )։ Մեկ ուրիշը՝  «տիրացուի, հացկատակի, սպասավորի ու վարժապետի վարնոց խառնուրդ մը», քամելեոնի նման խորհում ու գործում է մի «սկզբունքով», ըստ որի «ամեն բանի ժամանակ կա՝ հեղափոխական ըլլալու ժամանակ և հակահեղափոխական ըլլալու ժամանակ, սողալու ժամանակ և խայթելու ժամանակ, ստակ մուրալու ժամանակ և ստակը պանքան դնելու ժամանակ…» («Հակահեղափոխականը»)։

Եվ այդպես են բոլոր մյուս մակաբույծները, որոնց դիմակազերծելով, երգիծաբանն, իրոք, օգնում էր ժամանակակիցներին՝ «զանանելու ճշմարիտը կեղծեն», «հարազատ հերոսը՝ անվավերեն» («Անվավեր հերոսներ» )։  

 

Ս. Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ/Հայ մեծ արձակագիր-երգիծաբանը

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ