Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպը

am
otyani-enker-b-panjouni-ergicavepe

«Ընկեր Բ. Փանջունի» եռամաս երգիծավեպի կենտրոնական դեմքը՝ Փանջունին, հայ և համաշխարհային երգիծական գրականության եզակիորեն հաջող տիպերից մեկն է, որը «ցեղահպատակ հարազատ գիծեր ունենալով հանդերձ, իր շատ մը կողմերով կպատկանի մարդկային մեծ ընտանիքին— ինչ որ իրավունք կուտա իրեն մտնելու հռչակավոր կերպարներու տիեզերահռչակ պատկերասրահին մեջ…» (Ե. Օտյան, Ընկեր Բ. Փանջունի..., Կահիրե, 1938, Միք. Կյուրճյանի ներածությունը, էջ 2)

Հատկանշական է, որ խոսելով Մոլիերի մասին, նրա կերտած կերպարներից Հարբագոնին, Տարտյուֆին համարելով «նույնքան հայ, որքան ֆրանսացի», Ե. Օտյանը գրել է. «Բոլոր այն տիպարները, որոնք այդ մեծ հանճարը ցուցադրած է իրենց թերություններով ու ծիծաղելիություններով, համամարդկային են և ամենուն կվերաբերին» («Վերջին լուր», Կ. Պոլիս, 1920, հունվարի 30.)։

ճիշտ նման տիպար է նաև Փանջունին։ Հայտնի է, որ Սերվանտեսը, Մոլիերը, Ջ. Սվիֆտը, Ս ալտիկով-֊Շչեդրինը, Ա. Դողեն, Մ. Տվենը և երգիծական արվեստի մյուս հանճարները, օրինակ, իսպանական, ֆրանսիական, անգլիական կյանքից առնված թեմաներով հրաշակերտել են այնպիսի համամարդկային երևույթներ, ինչպես դոնքիշոտությունը, տարտյուֆականությունը, եհուականությունը, տարտարենությունը և այլն։ Իր վեպի նյութը քաղելով հայկական իրականությունից, հայ ազգային կուսակցությունների, հատկապես «Հեղափոխական» դաշնակցության գործունեությունից, որի մասին անժխտելի փաստեր կան գրքում, Ե. Օտյանը արարչագործել է փանջունիականությունը, որը նմանապես համամարդկային երևույթ է։

Փանջունին անցյալ և մեր ժամանակներում առկա քաղաքական դեմագոգի, դոգմատիկի, թերուս իմաստակ ֆրազաբանի և ինքնապաշտ փառամոլի հավաքական գծերը մարմնավորող գեղարվեստական տիպ է։ Նրա ամենաբնորոշ հատկությունը խոսքի և գործի աղաղակող ու աղետաբեր հակասությունն է, որը տեսնում ենք երգիծական անկրկնելի արվեստով հյուսված ծապլվարյան և վասպուրականյան նամակներում, «դասախոսությոլններում», տարագրության մեջ նրա արկածներին նվիրված հատվածներում։ Ինքզինքը հորջորջելով «հեղափոխական», «ընկերավար» («սոցիալիստ»), իր «միսիան» համարելով ծառայել «ազգային վերածնության գործին», վարել «շինարար և փրկագործ պաշտոն», «վերականգնել կործանված հայրենիքը»՝ Փանջունին կործանում է շեն գյուղեր, քանդում է կրթության օջախներ, ամենուր բերում է փորձանք, կողոպուտ, աղետ, ողբերգություն։ Ու միշտ մնում է նույն անուղղելի պարծենկոտ պոռոտախոսը, միշտ իր գործած չարիքները դիտում է բարիքներ, որոնց մասին հիմար հպարտությամբ հոխորտում է. «Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդը թող կրե վերաշինության տաժանքը»։

«Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպը ոմանք մեկնաբանել են քաղաքական որոշակի միտումներով և միանգամայն սխալ դիրքերից։ Սակայն այն եղել է և մնում է իբրև սոցիալիզմի, մարքսիզմի, հեղափոխության սուրբ գաղափարներն աղավաղող և թշնամական ուժերի դեմ ուղղված սպանիչ ծաղր։ Մեր բոլոր առաջադեմ, մեծ գրողներն անխտիր շատ բարձր են գնահատել «Օտյանի հրաշակերտը, որը վաղուց արդեն դասական գործ մը դարձած է» («Անահիտ», 1938, № 1—3, էջ 110)։ Հովհ. Թումանյանն այդ գիրքը «շատ էր հավանում և կարդում էր մեծ հաճույքով» (Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, 1969, էջ 70):

Ալ. Շիրվանզադեի խորին համոզմամբ՝ Օտյանի «անվան անմահացման համար բավական է միայն «Ծապլվարը» (ԱԼ. Շիրվանզագե, Երկերի ժողովածու, հատ. 9, էջ 204):

 

Ս. Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ/Հայ մեծ արձակագիր-երգիծաբանը

Լրահոս

Նմանատիպ նորություններ