Ու՞ր է գնում Ադրբեջանը

our-e-gnoum-adrbejane

Վրաստանում նոր վարչապետ է ընտրվել՝ ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիան: Թբիլիսիում վերջին զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջում էին ՆԳ նախարարի պաշտոնից նրա հրաժարականը, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցավ անսպասելին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության այդ որոշումը փորձագիտական հանրությունը գնահատում է ոչ միանշանակ: Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ Վրաստանում «քաղաքական երկիշխանություն է»:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որդեգրել է «աջ ամբոխավարական ուղեգիծ» և հանդես է գալիս վրացական ինքնության և քաղաքակրթական ընտրության պահպանման հռետորաբանությամբ, կառավարությունը, մինչդեռ, ավելի իրատեսական պատկերացում ունի տարածաշրջանային հնարավոր զարգացումների վերաբերյալ և փորձում է ճակատագրական սահմանագծի չհասցնել Ռուսաստանի հետ տարաձայնությունները:

Վրաստանում կառավարության ղեկավարի փոփոխության թեման, որքան էլ տարօրինակ, ադրբեջանական մամուլում այնքան էլ չի արծարծվում: Ըստ երևույթին, դա Ալիևի համար չափազանց անսպասելի էր: Մանավանդ որ նույն օրը Բաքվում մեկնարկել էին եռակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հրամանատարա-շտաբային զորավարժություններ՝ տարածաշրջանի ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով: Ի՞նչ ուղեգիծ կորդեգրի Վրաստանի նոր կառավարությունը՝ մնում է անորոշ: Հատկանշական է, որ Բաքվից Վրաստանի նորանշանակ վարչապետին շնորհավորական ուղերձ չի հղվել: Դա նշանակում է, որ վրաց-ադրբեջանական ոչ հրապարակային խորհրդատվություններ նույնպե՞ս չեն անցկացվել: Օգոստոսի 23-24-ին տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբերի երկու հանդիպում: Փորձագետներն այցելել են վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածներ և տեղում կատարել չափագրական աշխատանքներ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դրան կհաջորդի արդեն փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպում: Այդ մասին, սակայն, որևէ տեղեկատվություն չի տարածվել: Կարելի է ենթադրել, որ փորձագիտական խմբերի հանդիպումներն անցել են լարված և որևէ արդյունք չի արձանագրվել: Սահմանային խնդիրը վաղուց դադարել է զուտ տարածքային տարաձայնություն լինելուց և վերաճել քաղաքակրթական սուր բանավեճի: Բաքվում Վրաստանի հարավ-արևելյան շրջաններն անվանում են «վաղնջական թյուրքական հողեր՝ ներառյալ Թբիլիսի քաղաքը»: Վրաստանում դա ընկալվում է որպես տարածքային էքսպանսիայի քարոզչական ապահովում: Այս իմաստով լրջագույն խնդիր է դառնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների ճշգրտումը: Ինչպես վրացական որոշ աղբյուրներ են ակնարկում, Թբիլիսիում կցանկանային արևմտյան ուղղությամբ արագացված ինտերգրացիա: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, մինչդեռ, չեն շտապում երաշխավորել Վրաստանի քաղաքակրթական ինքնությունը: Այս իրավիճակում Ադրբեջանը հետևողականորեն սրում է վրացական ուղղության ինտրիգը՝ խորացնելով ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ: Վրաստանի նախորդ իշխանություններն այս հարցում ունեին միանշանակ որոշում՝ մաս կազմել թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական դաշինքին: Գործնականում դա Վրաստանին ոչինչ չի տվել և չի կարող տալ, որովհետև արհեստականորեն խորացնում է ռուս-վրացական հակասությունները, ինչից առավելագույն շահ է ստանում միայն Ադրբեջանը: Ահա, թերևս, այս հանգամանքն է, որ Վրաստանի նոր իշխանությունների մոտ առաջ է բերում հիմնավոր կասկածներ. եթե Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը երկրի անվտանգության երաշխիք չէ, ապա ի՞նչ իմաստ ունի հետևել նման ուղեգծի:

Վրաստանի համար պարզ չէ, թե աշխարհաքաղաքական ի՞նչ ուղղություն է որդեգրում Ադրբեջանը: Գործնական հարթությունում, երևում է, Բաքուն Ռուսաստանի հետ ավելի սերտ ռազմա-քաղաքական համագործակցության է գնում: Այստեղ մեծ է նաև ռուս-թուրքական վերջին տարիների մերձեցման նշանակությունը: Regnum-ի մեկնաբանը չի բացառում, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում կարող է դառնալ ՀԱՊԿ գործընկեր երկիր: Ներկայումս քննարկվում է այդ ընթացակարգի իրավական հիմքը: Եթե Ադրբեջանն ընտրում է ռազմա-քաղաքական դաշինքի հյուսիսային ուղղությունը, ապա Վրաստանի համար բացարձակապես արժեզրկվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարները: Պաշտոնական Թբիլիսին չի կարող Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ միայնակ մնալու շռայլություն թույլ տալ իրեն: Այսպիսով, տարածաշրջանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը, կարծես, ռուս-թուրքական համաձայնությամբ մոտենում է  հստակության սահմանին: Եթե Թուրքիան Ադրբեջանին մղի դեպի ՀԱՊԿ, ապա Հարավային Կովկասում կարող են սկսվել բոլորովին նոր գործընթացներ: Այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման առումով: Վրաստանում կառավարության փոփոխությունը, որ տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ, կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական վերադասավորումներով: Ո՞րն է լինելու Հայաստանի որոշումը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ