Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ուրախությամբ տոնենք մեր Հաղթանակը, սակայն հիշենք՝ թշնամին դեռ չի հրաժարվել իր նկրտումներից. Բերձորում նշվեց Եռատոնը (լուսանկարներ)

ouraxoutyamb-tonenq-mer-haxtanake--sakayn-hisenq-tsnamin-der-ci-hrajarvel-ir-nkrtoumneric-bercoroum-nsvec-eratone-lousankarner

 

 Շուշիի ազատագրումից 10 օր անց Բերձոր-Լաչինում կայացավ Միացումը: Բացվեց ցամաքային ճանապարհը Արցախի և Մայր հայրենիքի միջև: Անցել է 27 տարի այդ հերոսական, մեր ժողովրդի պատմության փառավոր օրերից: Թանկ վճարեցինք այդ հաղթանակների համար, բայց տերը դարձանք մեր պատմական հայրենիքի:

 

  Արդեն հայացած Բերձորում մշտապես յուրովի ենք նշում Մայիսյան Եռատոնը:

 

 

Այս անգամ էլ առավոտյան մարդաշատ էր Քաշաթաղի շրջկենտրոնի Խաղաղության հրապարակը, որի հարևանությամբ գտնվող բլրակի վրա է գտնվում Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին նվիրված հուշահամալիրը՝ երեք խոնարհված պատերով, որոնց վրա շրջանի ազատագրման համար մարտիրոսված 300-ից ավելի քաջերի անուններն են փորագրված:

 

  Շրջանի ղեկավարությունը, շրջվարչակազմի և քաղաքում գործող կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, Բերձորի և այլ բնակավայրերի բնակիչներ, դպրոցականներ, ուսուցիչներ, հյուրեր, մանուկներ՝ շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի խոնարհված պատերի մոտ:

 

 

Այնուհետև սկսվեց տոնի հանդիսավոր մասը, որը բացեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:

 

Հայտարարվեց լռության րոպե:

 

 

Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Մայիսյան տոների առթիվ իր շնորհավորական խոսքում շրջվարչակազմի ղեկավար Ս. Սարգսյանն ասաց.  

-Սիրելի քաշաթաղցիներ, շնորհավորում եմ բոլորիդ Եռատոնի կապակցությամբ:  Շուշին ազատագրեցինք 27 տարի առաջ, որի համար շնորհակալություն մեր բոլոր զինվորներին ու ազատամարտիկներին իրենց նվիրումի համար: Ուզում եմ այսօր ուրախանանք, տոնենք մեր Հաղթանակը, սակայն հիշենք՝ թշնամին դեռ չի հանձնվել, դեռ չի հրաժարվել իր նկրտումներից:

 

 

 Շրջվարչակազմի ղեկավարը կարևորեց նաև Ապրիլյան պատերազմական իրադարձություններում քաշաթաղցիների դերը:

 

 Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, շնորհավորելով հաղթանակների առթիվ, կարևորեց Մեծ Հայրենականում հայության դերը՝ նշելով, որ 600000 մասնակից հայորդիներից մոտ 200000-ը տուն չվերադարձավ, սակայն նրանց մարտիրոսվելը դարձավ մեր հայրենիքի անվտանգության երաշխիքը:

 -Դա սրբազան պատերազմ էր նաև մեր ժողովրդի համար: Մեր պապերի հայրենասիրական ոգին էր, որ Արցախյան գոյամարտի տարիներին հազարավոր կամավորների ոտքի հանեց, և ունեցանք մայիսյան հաղթանակները, -հավելեց շրջանային զինկոմը:

 

 Տոնի առթիվ ԱՀ Նախագահի կողմից շրջանի մոտ 20 կամավորներ, ովքեր 2016-ի  ապրիլին կամավոր առաջնագիծ մեկնեցին, պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևները հանձնեց շրջվարչաքազմի նախկին ղեկավար, Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային միավորման խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանը: Մայիսյան Եռատոնին նվիրված՝ վերջերս Բերձորում կայացավ շախմատի քաղաքային առաջնություն:  1-3-րդ տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվեցին շրջվարչակազմի ղեկավարի կողմից:

 

 Փակելով տոնի հանդիսավոր մասը՝ Հ. Ավանեսյանը հայտարարեց, որ Քաշաթաղի երկրագիտական թանգարանում բացվել է բերձորցի երիտասարդ նկարիչ Անահիտ Ըռքոյանի գեղանկարների ցուցահանդեսը:

 

 

 

Երեկոյան Բերձորի արվեստի դպրոցի դահլիճում կայացավ տոնական համերգ՝ «Բերձոր» ժողգործիքների համույթի մասնակցությամբ, ապա տրվեց տոնական հրավառություն:     

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ