Ուսուցչությունից՝ մեղրի արտադրություն. «Դոնոր մեղրը» Վաղազինի շենացման համար

ousouccoutyounic-mexvi-artadroutyoun-donor-mexre-vaxazini-senacman-hamar

Ուսուցչությունից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն. «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախի Վաղազին համայնք տեղափոխված Նարինե Վարդանյանն այնտեղ աշխատելու ժամանակահատվածը փորձել է էլ ավելի օգտակար դարձնել հենց գյուղի համար, Վաղազինի կյանքին նոր շունչ ու երանգ տալու համար փորձել է տարբերակներ ու միջոցներ գտնել: Այդպես ստեղծվեց «Դոնոր honey» սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը: Ըստ Նարինեի՝ «Մեղրը» և «Դոնորը»  միջոցներ են, որոնք չէին լինի, եթե մի օր չգնար Արցախում դասավանդելու:

 

Գաղափարը ծնվեց...

Սկզբում ծնվեց ուժեղանալու գաղափարը, իսկ հենց բիզնեսի գաղափարը ծնվեց երբ հասկացա, որ գյուղն ինքնաֆինանսավորման կարիք ունի: Գյուղում բազմաթիվ խնդիրներ ու մտքեր կային, բայց չկար գումար: Միջոցն, իհարկե, որևէ մեկից խնդրելը չէր լինելու, այլ ավելի վեհ ու պարզ՝ արարել ու ունենալ գումար՝ կրկին արարելու համար: Ինչո՞ւ հենց մեղր, որովհետև բնակլիմայական պայմաններն այդ առումով շռայլ են գտնվել Վաղազինում: Տարածքը հրաշալի է մեղվաբուծության համար, աղտոտված չէ, հեռու է քաղաքային փոշուց, աղբից, ճառագայթումից: «Դոնոր honey» սոցիալական ձեռնարկատիրության գաղափարն իմն էր ի սկզբանե, բայց քիչ չեն ոգեշնչած ու օգնած մարդիկ, իսկ ամենաշատը հենց արդեն նախկին աշակերտներս են ոգեշնչել: Մենք ոչ թե բիզնեսով ենք զբաղվում, այլ սոցիալական ձեռնարկատիրությամբ, այսինքն՝ շահույթն ամբողջությամբ ուղղում ենք որևէ սոցիալական խնդրի լուծմանը:

Հաճախորդները...

Մենք դեռևս մի տարեկան ենք, ու այս տարի շատ շուտով 2-րդ բերքն ենք ունենալու: Արդեն մշտական հաճախորդներ ունենք: Վաճառքը հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով ենք իրականացրել: Մեզնից մեղր գնում են այն մարդիկ, ովքեր ուզում են ունենալ իսկապես բնության արտադրանք:

Սպասելիքները...

Սկզբում դժվարություններ կային: Շուկան շատ մեծ է, բացի այդ մենք գործ ունենք ամենակարող ու ամենաանկախ բնության հետ, որը երբեմն կարող է անկանխատեսելի լինել, բայց սպասելիքներն արդարանում են, համենայն դեպս՝ ծրագրերն իրականացնել կարողացել ենք: Հայաստանում փոքր և միջին բիզները հաճախ է դժվարությունների բախվում:

Խոչընդոտներն ու դժվարությունները...

Մենք այս առումով լավ դիրքերում ենք, քանի որ մեր մեղրը գյուղմթերք է, և այս դաշտում դժվարությունների չենք հանդիպել: Բացի այդ, սկզբնական փուլում շատ են օգնել ոլորտից տեղյակ մարդիկ: Վերջին շրջանում պարբերաբար կազմակերպվում են տոնավաճառներ:

Մեղվապահության յուրահատկությունը...

Ես ինքս շատ բան չգիտեմ մեղվապահության մասին, թեև հայրիկս մեղուներ պահում է ու առաջ հաճախ էի օգնում նրան տարբեր աշխատանքներում: Հիմա երբեմն գրքեր եմ կարդում, իսկ ավելի հաճախ մեր մեղվապահին հարցեր եմ տալիս: Միակ բանը, որ վստահ գիտեմ հետևյալ է՝ մեղվապահությունն ու մեղուների հետ աշխատանքը կարգավորում է սրտի աշխատանքն ու նյարդերը: Հիմա երազում եմ մի օր ինքս զբաղվել մեղուների խնամքով, գուցե այն ժամանակ, երբ կսպիտակեն մազերս ու սրտի աշխատանքի մասին ավելի շատ մտածելու անհրաժեշտություն կունենամ:

Մարդկանց հետաքրքրում է «Դոնոր honey»-ն...

Մարդիկ գիտեն, որ ոչ թե պարզապես լավ, արցախյան, մաքուր մեղր են գնում, այլ նպաստում են մի գյուղում դրական փոփոխությանը: Մեր գործընկեր-գնորդները գիտեն, թե կոնկրետ որտեղ ենք օգտագործելու իրենց վճարած գումարը: Մենք նաև սիրով տեղեկացնում ենք մեր գնորդներին, թե ինչ աշխատանք ենք կատարել նաև նրանց շնորհիվ:

Բիզնեսն ու կամավոր աշխատանքը...

Մենք գլխավորապես աշխատել ենք կամավորության սկզբունքով՝ մեղվապահին ու օրավարձով աշխատանքը չհաշված: Շատ ընդլայնվելու նպատակներ այժմ չունենք, քանի որ մեր նպատակներից մեկն էլ գյուղում մեղվաբուծությունը զարգացնելն է, այսինքն՝ աճող փեթակները նվիրում ենք նրանց, ովքեր չունեն կամ նոր են տեղափոխվել մեր գյուղ:

Հաջողության գրավականը...

Բարդ էր. տեղափոխում, պայմանավորվածություններ, հեռավորություն, ժամանակ: Իրացնում էինք հիմնականում Երևանում, ու եթե չլինեին հրաշալի ընկերներ, ուղղակի կիլոմետրերը հաղթահարել չէինք կարողանա: Բայց թե՛ ընկերներս, ովքեր աշխատանքից առաջ ու հետո վազելով առաքում էին մեղրը, թե՛ մեր հաճախորդները, ովքեր միշտ հասկանում էին, սպասում էին, նաև ոգևորում էին, օգնեցին, որպեսզի մեր առաջին բերքն իրացնենք: Դե իսկ իրացնելուց հետո վերանորոգենք մեր գյուղի դպրոցը: Ի դեպ, դպրոցի վերանորոգումն արել ենք ամբողջ գյուղով՝ աշակերտներից մինչև գյուղապետ ու ուսուցիչ՝ ամբողջը մեր ձեռքերով: Ես կրկին ուզում եմ նշել, որ սա բիզնես չէ, այլ ընդամենը միջոց է, որպեսզի գյուղում հավատան դրական փոփոխություններին: Երբ մեղրի գումարով ներկերի առաջին տարան  գնեցինք, ամեն ինչ ավելի իրական դարձավ, մանավանդ մարդկանց հավատը, գյուղի՝ ապրելու ու արարելու հրաշալի վայր լինելու հանդեպ հավատը: Ի դեպ, «Doնոր honey» անունն էլ պատահական չի ընտրված. մենք ուզում էինք նոր բան անել ու դոնոր դառնալ պայծառ մտքերի իրականացման համար: Ու դեռ շարունակելու ենք: Գուցե մի օր՝ գյուղ առ գյուղ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ