Ութ ամիս ՀՀ պետական պարտքը գրեթե անփոփոխ թողնելուց հետո Կառավարությունն անցավ պլանավորված գործողության

am es
out-amis-hh-petakan-partqe-grete-anpopox-toxnelouc-heto-karavaroutyounn-ancav-planavorvac-gorcoxoutyan

ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի սեպտեմբերի 31-ի դրությամբ հատեց 7 մլրդ ԱՄՆ դոլարը՝ կազմելով 7.05 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ ամսվա համեմատ աճելով 78.2 մլն ԱՄՆ դոլարով: Աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի ավելացմամբ՝ 123.5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որն էլ իր հերթին հատել է 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:

Հետաքրքրական է նկատել, որ թե 2019թ.-ի բյուջեի ուղերձի, թե 2020թ.-ի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի տարեվերջին կանխատեսվել է 7.4 մլրդ ԱՄՆ դոլար: Փաստորեն՝ Կառավարությունը ի սկզբանե պլանավորել էր 2019թ.-ի տարեվերջին             2018թ.-ի դեկտեմբերի համեմատ շուրջ 507 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու պետական պարտքը՝  հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ, որից  319 միլիոնը ՀՀ կառավարությունը վարկ է ստանալու արտաքին աղբյուրներից, իսկ 249 միլիոնը ընկնելու է ՀՀ կառավարության ներքին պարտքի վրա, մինչդեռ ՀՀ ԿԲ-ն 60 միլիոնի մարումներ է իրականացնելու:

Ինչպես ՏԶՆԿ հրապարակներում անդրադարձել ենք, ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի նվազման հիմնական պատճառը մինչև 2019թ.-ի սեպտեմբերը, եղել է ոչ միայն նոր պարտքի ներգրավումից հրաժարվելը, այլ վերագնահատումը (ազատ փոխարկելի տարադրամի և եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկումը):

Եթե միջոցների ներգրավումը հավասարապես բաշխված լիներ տարեկան կտրվածքով և դրանք ուղղվեին հիմնական միջոցների ստեղծմանը և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնց թերակատարումը 2019թ.-ի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 75 միլիարդ դրամ, ապա վերջիններս կավելացնեին ներքին պահանջարկի աճի տեմպը, ինչն էլ  կհանգեցներ ավելի բարձր տնտեսական աճի տեմպերի: 2019թ.-ի վերջին եռամսյակի տեսանկյունից արտաքին աղբյուրների հաշվին ներգրավված միջոցների նպաստումը տարեկան հավելաճին զգալի չի լինի:

Այսպիսով՝ ի սկզբանե նախատեսված ՀՀ պետական պարտքի շուրջ 507 մլն ԱՄՆ դոլարի չափով ավելացումն արդյունավետ կերպով չի կառավարվել: Ժամկետների առումով 4-րդ եռամսյակում վարկային միջոցների ներգրավումը և դրանց ուղղումը հավելյալ արժեքի ստեղծմանը չի կարող ավելի մեծ նպաստում ունենալ ՀՀ տնտեսական աճին, քան այն դեպքում, երբ այդ միջոցները ներգրավվեին տարեսկզբին և ուղղվեին դեպի ավելացված արժեքի ստեղծմանը տվյալ տարվա կտրվածքով: Եվ վերջապես, արտաքին պարտքի արդյունավետ կառավարումը  կախված է տնտեսությունում հավելյալ արժեքի ստեղծումից և պետական պարտքի ռիսկերի արդյունավետ կառավարումից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ