Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ո՞վ է ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ-ների միջև կա օպերատիվ կապ. Արծրուն Հովհաննիսյանի համար անհասկանալի է Բաքվի տրամաբանությունը

ov-e-asel--te-hayastani-ou-adrbejanipn-neri-mije-ka-operativ-kap-arcroun-hovhannisyani-hamar-anhaskanali-e-baqvi-tramabanoutyoune

Ինձ համար զարմանալի և ծիծաղելի է, որ հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարն այդքան ապատեղեկացված է. ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը:

Ինչպես տեղեկացրել է ՀԱՅ ՁԱՅՆ-ը, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե՝ «երկու տարի առաջ ցույց տվեցինք, որ կարող ենք ազատագրել մեր հողերը»: Սակայն Ալիևի տարածած ապատեղեկատվությունը չէր սահմանափակվել այսքանով, վերջինս պնդել էր, թե այս տարի հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ հաջող գործողության արդյունքում ավելի քան տասը հազար հեկտար տարածք վերցրել են իրենց վերահսկողության ներքո:

ՊՆ խոսնակն այս առնչությամբ նկատեց, որ Ալիևը այս հարցում բավականաչափ տեղեկացված չէ:

«Ալիևը այնքան ապատեղեկացված է, որ հայկական ուժերի վերահսկողության տակ երբեք չգտնված տարածքները ներկայացնում է, որպես իրենց վերահսկողության տակ անցած տարածք: Իրենց նշած տարածքները երբեք հայկական ուժերի վերահսկողության տակ չեն եղել, այնտեղ հայկական դիրք չի եղել: Իրենց նշած հատվածը միջանկյալ տարածք է, որի նկատմամբ նախկինում էլ ունեցել են վերահսկողություն: Այս անգամ էլ, ընդամենը, իրենք իրենց տարածքում տեղաշարժվել են, և վերջ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրանց»:

Հետաքրքրվեցինք՝ նման ապատեղեկատվության տարածումը հատուկ ընդգծված միտում ունի՞, Հովհաննիսյանը նշեց. «Իհարկե, նման գործելաոճ տեսանք երկու փուլով: Առաջին միտումը նկատեցինք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխոխության սկզբում, երբ փորձեցին վարկաբեկել մեր ղեկավարությանը: Հիմա էլ, հավանաբար, ինչ-որ միտում կա, որը չեմ կարող ի պաշտոնե մեկնաբանել»:

Այսօր էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հանդես եկել հայտարարությամբ, որում նշում է, թե Հայաստանի ՊՆ-ի և իրենց միջև որևէ օպերատիվ կապ չի գործարկվել:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասել էր, թե Դուշամբեյում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունից հետո սահմանայի իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է՝ պայմանավորված օպերատիվ կապի գործարկմամբ:

Պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, ի վերջո, գործո՞ւմ է օպերատիվ կապը, թե՞ ոչ:

«Կան անվանական նշանակված կապի օպերատիվ պատասխանատուներ, որոնք հաստատում են այդ կապը: Ադրբեջանը նշել է, որ պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ օպերատիվ կապ չկա, իսկ ո՞վ է ասել, որ ՊՆ-ների միջև կա այդ կապը: Մենք էլ չենք ասել, թե նման բան կա: Կան սպաներ, որոնք միջնորդավորված աշխատում են այդ կապի վրա և դա իրականություն է, ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձի հերքել այդ փաստը»,-նշեց պարոն Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակը դժվարացավ պատասխանել, թե ո՞րն է ադրբեջանական կողմի նման հայտարարության տրամաբանությունը:

«Մեզ համար դժվար է հասկանալը, բայց, հավանաբար, ինչպես հաճախ Ալիևը՝ ելնելով իր ներքին խնդիրներից, միջազգային հարթակներում այլ բան է ասում, Բաքվում մեկ ուրիշ բան, նույնն էլ հիմա է»,-եզրափակեց պարոն Հովհաննիսյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ